«Հովիկ Աբրահամյանը ճգնաժամային մենեջեր է» (տեսանյութ)
Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք մի շարք վրիպակներ են եղել,- այսօր ասաց ՀՀԿ կուսակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը, սակայն նա հավելեց, որ պետք չէ ամեն ինչ վերագրել հենց նրան. «Չպետք է մոռանալ, որ հենց այդ ժամանակ սկսվեց ճգնաժամը»: ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը այլ կարծիք ունի: Ըստ նրա` Տիգրան Սարգսյանը իրավունք չուներ սայթաքելու. «Սայթաքում են սառույցի կամ բանանի կճեպի վրա: Երբ բիոզուգարաններ էին գնում, վարչապետը չէ՞ր հասկանում, որ կարելի է այդ գումարներն ուղղորդել դեպի Վարդենուտի ջրամբարի յոթանասուն հազարանոց կառուցմանը: Կամ, երբ պարզվեց, որ լեկցիա են կազմում՝ ինչպես կովի ծծերը լվալ, մի՞թե դժվար էր մտածել, որ տասնյոթ միլիոնը եթե ավելացնեին, սուբսիդավորման վարկերը գյուղատնտեսական ոլորտում կավելանային»: Ասում են, թե Հովիկ Աբրահամյանի նշանակման առաջնային խնդիրն էր կապել ԲՀԿ-ի ոտքերն ու ձեռքերը։ Լյովա Խաչատրյանն այս տեսակետի հետ համամիտ չէ. «Որևէ մեկը որևէ ձևով չի կարող կապել ԲՀԿ-ի ոտքերն ու ձեռքերը: Մեր ոտքերն ու ձեռքերը կարող են կապել իրենց լավ գործողություններով միայն»,- հայտարարեց նա: ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանը, որը համամասնական ցուցակով հաջորդ համարն է ու Հովիկ Աբրահամյանի հեռանալուց հետո կարող է հայտնվել խորհրդարանում, լրագրողների հարցին, թե ինչ կանի, պատասխանեց. «Ես մտածում եմ, որ ես քիչ կխոսեմ, շատ կաշխատեմ: Պատգամավորի գործը ամբիոնից հայտարարություններ անելը չէ»։ Լեռնիկ Ալեքսանյանի կարծիքով պատգամավորները անտեղի են օգտագործում ԱԺ ամբիոնը։ Նորընտիր վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասին խոսելով՝ ՀՀԿ անդամը նշեց, որ մեծ ակնկալիքներ ունի. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ի կողմից ընդունելի թեկնածու է, ունի կենսագրություն, կազմակերպչական ջիղ, ունի բոլոր հնարավորություններն այսօր դրությունը շտկելու համար: Աշխատանքի փորձ ունի, հեռատեսություն»,- հավաստիացրեց Լեռնիկ Ալեքսանյանը; Լյովա Խաչատրյանն էլ ասաց, որ ԲՀԿ-ում անձերի խնդիր չի դրվել, իրենց հետաքրքրում են ծրագրերը ու հավելեց նաեւ, որ ծրագրերի մեծ մասը մնացել է նույնը: «Հովիկ Աբրահամյանն ընդունելի է այնքանով, որ նա կարողանում էր խորհրդարանում սուր անկյուններ հարթել, աշխատել է, փորձ ունի: Նա ճգնաժամային մենեջեր է»։ Լեռնիկ Ալեքսանյանը շտապեց այսօր հավաստիացնել նաեւ, որ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀԿ խորհրդի նիստին, թե պետա¬կան բյուջեն անձեռնմխելի է, կաշառքն՝ արգելված, մարդիկ սխալ են հասկացել. «Նա նկատի ուներ, որ ավելի շատ պետք է ուշադրություն դարձվի կաշառակերությանը,իսկ հսկողությունը պետական բյուջեի վրա շատ ավելի է ուժեղացվելու»: