ՄԱԿ-ն Ուկրաինայում անհապաղ երկխոսության կոչ է արել
Ամերիկայի Ձայն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը խորը անհանգստություն է արտահայտել Ուկրաինայի արևելյան շրջաններում իրավիճակի վատթարացմամբ և զինված բախումների վտանգի աճով: Բան Կի-մունը կիրակի օրը հրապարակված հայտարարության մեջ շեշտել է, որ հետագա առճատակումը չի բխում կողմերից ոչ մեկի շահերից, և հորդորել է բոլոր կողմերը պահպանել հանգստություն և առավելագույն զսպվածություն: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը կրկին հորդորել է անհապաղ մեկնարկել կառուցողական երկխոսություն, որը կնպաստի իրավիճակի լարվածության նվազեցման և բոլոր տարաձայնությունները պարզելուն: «ՄԱԿ-ը շարունակում է կողմ հանդես գալ Ուկրաինայում ճգնաժամի խաղաղ լուծման», - ասված է Բան Կի-մունի հայտարարության մեջ: Ուկրաինայի ներքին գործերի պաշտոնակատարն ավելի վաղ տեղեկացրել էր, որ կառավարական անվտանգության ուժերը երկրի արևելյան Սլավյանսկ քաղաքում, որտեղ ռուսաստանամետ զինյալները վերահսկողություն են հաստատել պետական մարմինների շենքերի նկատմամբ, մեկնարկել են «հակաահաբեկչական գործողություններ»: Ներքին գործերի պաշտոնակատար Արսեն Ավակովը ֆեյսբուքյաին իր էջում կիրակի օրը հրապարակված հաղորդագրության մեջ տեղեկացրել է, որ կառավարական ուժերի ուղղությամբ բացվել էր կրակ: Ավակովը, ըստ «Ռոյթերս» գործակալության, իր էջում հրապարակել է տեղեկություններ, որոնց համաձայն Սլավյանսկ քաղաքում ռուսաստանամետ զինյալների ուղղությամբ իրականացված գործողությունների ընթացքում զոհվել է Ուկրաինայի անվտանգության ուժերի մեկ, վնասվածքներ ստացել՝ հինգ ծառայող: Ավակովի համաձայն, Սլավյանսկում իրականացված գործողության հետևանքով զոհեր կան նաև ռուսաստանամետ զինյալների շրջանում, սակայն չի նշել զոհվածների թիվը: ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ ունեցած հեռախոսազրույցում մտահոգություններ է արտահայտել Ուկրաինայի արևելյան շրջաններում շաբաթ օրը տեղի ունեցած հարձակումների կապակցությամբ: Արտգործնախարար Քերրիի համաձայն, շաբաթ օրն Ուկրաինայում տեղի ունեցած հարձակումները կազմակերպվել են և համաժամվել նույն կերպ, ինչպես Ուկրաինայի արևելքում և Ղրիմում իրականացված նման այլ հարձակումները: