Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գաղջը ցրվում է. Հայաստանյան ներկայացումը դառնում է հետաքրքիր (տեսանյութ)

Քաղաքականություն
azat1

Քաղաքականությունը ևս ներկայացում է, և Հայաստանում սկսված ներկայացումը դառնում է հետաքրքիր: Այսպիսի կարծիք հայտնեց նախկին Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանն այսօրվա ասուլիսում: «Իսկապես մենք հոգնել էինք մթնոլորտից, որը կոչվում էր գաղջ»,- ասաց Ազատ Արշակյանը: Նրա կարծիքով՝ Հայաստանում արդեն կա քաղաքական նոր կուրս: «Սերժ Սարգսյանն ասաց՝ ես ձեզ նոր բան եմ առաջարկում, բայց եթե նորը չստացվի, հին տաշտակը դուք ունեք»,- նշեց Արշակյանը: Ասուլիսի մյուս բանախոսը՝ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, չափազանց կարևոր համարեց Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ երկուսից ավելի անգամ նախագահ չի առաջադրվելու և վարչապետի պաշտոնի ևս չի հավակնելու՝ «չնայած օրենքը թույլ է տալիս»: Մինասյանի խոսքով՝ այս հայտարարությունը պետք է ողջունել ոչ թե անձի հետ կապված, այլ որպես դիրքորոշում: «Հայաստանը Ադրբեջան չէ, արևելյան խանություն չէ, և Հայաստանում ժողովրդավարական գործընթացները անշրջելի են»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: Անդրադառնալով այն հարցին, թե մի՞թե հիմա նոր Հայաստանը պետք է ցույց տար, որ Ադրբեջան չէ՝ Մինասյանը պատասխանեց. «Դրանով պատասխան տրվեց որոշ ուժերին, որ չեղած տեղը չքննարկեին ու մտավարժանքներով չզբաղվեին»: ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ երեկ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և «Ժառանգություն» նախագահներ Տեր-Պետրոսյանի, Ծառուկյանի և Հովհաննիսյանի հանդիպման ժամանակ, Տեր-Պետրոսյանը և Ծառուկյանն իրենց քաղաքական խնդիրներն էին իրականացնում: Մինասյանը չբացառեց, որ ԲՀԿ-ն կարող է լինել «կառավարման համակարգում»՝ չնշելով այդ համակարգի ձևաչափը՝ կոալիցիո՞ն, ազգային համաձայնությա՞ն, թե՞ այլ: