Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պատժի դասական ձեւերն անարդյունավետ են» (տեսանյութ)

Հասարակություն
fc11e37c6ad09b4952f0cbe76bdb240c

Պատժի դասական ձեւերը որոշակիորեն դադարել են արդյունավետ լինել։ Կարծում է արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը։ Այսօր Երեւանում կազմակերպված համաժողովի ընթացքում Արամ Օրբելյանը նաեւ տեղեկացրեց, որ նախարարությունում արդեն մշակվել է պրոբացիոն ծառայությունների երկու օրենսդրական փաթեթ։ Պրոբացիան աշխարհում ընդունված, դատապարտվածների հետ աշխատանքներ տանելու մեթոդ է։ Այն թույլ է տալիս դատավճիռն ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել, փոխարենը դատապարտյալը ազատություն է ստանում` պրոբացիոն մարմնի վերահսկողությամբ եւ հատուկ պայմաններով։ Հայաստանի կառավարությանը պրոբացիոն ծառայությունների ներդրման հարցում աջակցում է Եվրոպայի խորհուրդը. «Մեր նպատակն է միայն ծայրահեղ դեպքերում ազատազրկումը որպես պատիժ կիրառել, ինչն էլ իր հերթին կնպաստի բանտերում գերբեռնվածության խնդրի լուծմանը»,- ասաց ԵԽ երեւանյան գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Պավլյուկը: Համակարգի արդյունավետությունն այսօր ներկայացրեց պրոբացիոն հարցերով ԵԽ փորձագետ Լուիզա Գանդինին. «Պրոբացիոն ծառայության հիմնումը հնարավորություն է տալիս դատապարտյալին որպես լիարժեք անձ վերադարձնել հասարակություն։ Այս ծառայության միջոցով նաեւ տնտեսվում են պետական գումարները»։ Պրոբացիոն բարեփոխումները Հայաստանում կյանքի են կոչվում «Ազատությունից զրկվելու հետ կապված պատիժների կիրառման նվազեցումը` եվրոպական ստանդարտների համաձայն» ծրագրի շրջանակներում: