Վտանգավոր թափոններ՝ Արաբկիրում. նախարարությունը համաձայնություն է տվել
ՀՀ բնապահպանության նախարարությունը հավանություն տվեց «ԱՐՄԵՆԱԼ» գործարանի թափոնների ժամանակավոր պահպանման տեղամասի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նախագծին։ Այս մասին տեղեկացնում է «Ռուսալ Արմենալ» ընկերությունը։ «Այսպիսով` ԱՐՄԵՆԱԼ-ը դարձավ Հայաստանի առաջին արդյունաբերական ձեռնարկությունը, որը ստեղծում է նման տեղամաս հանրապետության բնապահպանական օրենսդրության բոլոր պահանջներին համապատասխան: Ավելի վաղ տեղամասի նախագիծը հավանության էր արժանացել հրապարակային լսումներում հասարակական բնապահպանական կազմակերպությունների մասնակցությամբ: Տեղամասի մակերեսը, որ գտնվում է «ԱՐՄԵՆԱԼ»-ի տարածքում, կազմում է 3175 քառ. մ: 3-մետրանոց բետոնե արգելապատնեշ, ասֆալտե ծածկույթ կեղտաջրերի հեռացման համակարգով նաև հերմետիկ տարողություններ թափոնների համար, որոնք նվազագույնի են հասցնում թափոնների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Տեղամասում պահեստավորվող փայլաթիթեղագլանման արտադրության թափոններն այստեղ կգտնվեն ժամանակավոր մինչև դրանց տեղափոխումը մասնագիտացված հանրապետական պոլիգոն»,- նշված է ընկերության մամլո հաղորդագրության մեջ։ «Ռուսալ Արմենալ» ընկերության կողմից «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին ներկայացված արդյունաբերական թափոնների տեղադրման տեղամասի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության համաձայն՝ «Արմենալ» գործարանը գտնվում է Երևանի հյուսիսային մասում` «Արաբկիր» վարչական շրջանում, Հրազդան գետի բարձրադիր ձախ ափին, գետից նվազագույնը 300 մետր հեռավորության վրա: Թափոնների տեղամասում ընկերությունը պահելու է առաջինից մինչեւ հինգերորդ դասի վտանգավորության թափոններ: Առաջին դասի թափոններից պահվելու են բանեցված սնդիկային լամպեր, սնդիկային ջերմաչափեր, երկրրդ դասի վտանգավորության թափոններից բանեցված կապարե կուտակիչներ, երրորդ դասի վտանգավորության թափոններից` բանեցված զտիչ նյութեր, արդյունաբերական յուղեր, հիդրավլիկ յուղեր, չորրորդ դասի վտանգավորության թափոններից` ալյումինե խարամ, ալյումինե վառարանների աղյուսապատում, յուղոտված կտորեղեն և արտահագուստ, սև մետաղի ջարդոն, բրոնզի թափոններ, բանեցված դողածածկաններ, օդաճնշիչ խցիկներ, կարծրացած տարասեռ պլաստմասսաների խառնուրդների թափոններ, շինարարական աղբ, կենցաղային աղբ, հինգերրորդ դասի թափոններից` փրփրեցված պոլիէթիլենի թափոններ, մետաղական տակառներ: Էկոլուր