Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ո՞նց կարող է օլիգարխը մեր երկրում ընդդիմություն լինել» (տեսանյութ)

Քաղաքականություն
516b6a3c96a876585e97583de51a21ff

«Վարչապետի պաշտոնից չեն հրաժարվում: Մեր երկրում դա այն պաշտոնն է, որը բարիք է բերում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին՝ նշեց «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: Նրա կարծիքով՝ «հրաշալի քառյակը» ոչ մի ազդեցություն չունեցավ վարչապետի փոփոխության գործընթացում. «Արտաքին գործոնն է: Հիմա պետք է այնպիսի վարչապետ, որը կկարողանա հարաբերություններ ստեղծել Մաքսային միության հետ: Տիգրան Սարգսյանի գործունեությունը արեւմտամետ էր։ Սերժ Սարգսյանն իրեն ամրապնդելու համար պետք է ստեղծի կառավարություն, որը հարմար կլինի ՌԴ-ին»,- նշեց Սոս Գիմիշյանը: ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ պնդեց, թե հրաժարական տալը Տիգրան Սարգսյանի ցանկությունն է. «Հիմա ով էլ նշանակվի վարչապետ, չի կարող շեղվել թիմի ծրագրից, Սերժ Սարգսյանի ծրագրից»։Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի ցանկությանը՝ առաջիկայում ստեղծվելիք կոալիցիայի մեջ ընդգրկվելուն, պարոն Սուքիասյանը նշեց, որ ՀՀԿ-ի կողմից որեւէ մեկին առաջարկություն չի եղել: «Եթե իրենք խոսում են այդ թեմաների մասին, լավ կլիներ վերլուծեին վերջին երեք ամսվա ընթացքում իրենց արած հայտարարությունները »,-ասաց Սուքիաս Ավետիսյանը՝ հավելելով, որ մոտավորապես «շատ սիրուն չի» տարբերակն է: Սոս Գիմիշյանն էլ ավելացրեց, որ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն ընդդիմություն չեն կարող լինել. «Ո՞նց կարող է օլիգարխը մեր երկրում ընդդիմություն լինել»: Այսօր երկու բանախոսներն էլ հրաժարվեցին նշել, թե ով կլինի ՀՀ հաջորդ վարչապետը: «Ես կարծում եմ, որ վարչապետը չպետք է լինի այս ԱԺ-ից, ոչ էլ այս կառավարությունից։ Նոր կառավարությունը պետք է լինի նոր արժեք ներկրող։ Կառավարությունը հայամետ պետք է լինի»,-ասաց պարոն Գիմիշյանը։ Սուքիաս Ավետիսյանը համաձայնեց նրա հետ, որ ով էլ լինի՝ պետք է հայամետ լինի. «Նոր վարչապետի անունը չենք քննարկել, որևէ քննարկում չի եղել»,- եզրափակեց ՀՀԿ պատգամավորը։