Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեդիա փորձագետ. Լրատվական կայքերի «փուչիկը կիջնի»

Քաղաքականություն
Samvel_Martirosyan

Հայաստանում լրատվական կայքերը կպակասեն, քանի որ առաջիկայում ընտրություններ նախատեսված չեն: Իսկ հետո կավելանան, քանի որ մեր երկրում կայքերի մի մասը բացվեց՝ հենց «ընտրությունների հետ կապված»: Այսպիսի կարծիք հայտնեց մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած համաժողովի ժամանակ: «Դա փուչիկ է, փուչիկը կիջնի»,- նշեց նա: Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ լրատվական կայքերի թիվն արդեն իսկ նվազում է, և առաջիկա տարում այս միտումը կպահպանվի: Այժմ առնվազն այն վիճակը չէ, որ շաբաթը մեկ նոր կայք է բացվում: «Սրա դեմ աշխատում է այն, որ որոշ բարձրաստիճան դեմքեր հասկացել են, որ կայք բացելը լավ բան է»,- միաժամանակ ասաց մեդիա փորձագետը: Կայքերի քանակի նվազմանը, Մարտիրոսյան խոսքով, կնպաստի նաև այն, որ կորավ circle.am-ի ստեղծած մրցակցային դաշտը: Մինչդեռ circle.am-ում կարելի էր «կռիվ տալ իրար դեմ», ընդ որում, օրինակ, «թրաֆիք գնելով»: «Հիստերիան անցավ»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը: Նա նշեց, որ այժմ գովազդատուները ևս սկսել են կիրթ ձևով ընտրել կայքերը, օգտվել Google Analytics-ի տվյալներից, ուշադրություն դարձել՝ մարդը տվյալ կայքի միայն առաջի՞ն էջն է մտել՝ Քիմ Քարդաշյանի լուսանկարը տեսնելու համար, թե նաև մյուս էջերում քաղաքական լուրեր է կարդացել, հետևաբար արժե՞ ռեսուրս ծախսել այդ կայքի վրա: Կայքերի ընթերցողները ևս սկսել են տարբերակել զլմ-ներն իրարից: Սամվել Մարտիրոսյանը նաև նշեց, որ Հայաստանում տեղի է ունեցել մեդիա հեղափոխություն: 10 տարի առաջ երկրում կար 2-3 լրատվական կայք, և համացանցից օգտվող միջին վճակագրական հայը Հայաստանի իրադարձությունների մասին հիմնականում իմանում էր ադրբեջանական առցանց զլմ-ներից: Այժմ հայաստանցիները հիմնականում սպառում են ներքին շուկայում արտադրված լրատվությունը: