Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայրիկյանը բարկացած է օմբուդսմենի զեկույցից. «Հայրիկյանը պետք է մեռնե՞ր» (տեսանյութ)

Քաղաքականություն
a3bf7fe91a34efbe8bc085a1684b3af9

Եթե Հայաստանի ինքնիշխանությանը ուղղված քայլ կլինի 4 ոչ իշխանական ուժերի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելը, ապա Ազգային ինքնորոշում միավորում կուսակցությունը պատրաստ է կանգնել նրանց կողքին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: «Եթե մի հարցի շուրջ համաձայնության են գալիս, ի՞նչն է ստիպում մեկ ամիս հետաձգել: Ես իմ ընկերոջ խոսքերն եմ մեջբերում՝ եթե ուզում ենք փոխել, բայց չենք ասում ինչով, ուրեմն մարզանք է, իսկ մարզանք կարող եմ ինքնուրույն անել»,- նշեց նա: Անդրադառնալով ՍԴ-ի երեկվա որոշմանը՝ վերջինս նշեց, որ դա լավատեսորեն տրամադրվելու հիմք չի տալիս. «Մենք ՍԴ չունենք, ոչ մեզ խաբենք, ոչ մեր քաղաքացիներին»: Պարոն Հայրիկյանը, սակայն, ամենից շատ բարկացած էր ՄԻՊ զեկույցից: Զեկույցում մտահոգություն էր հայտնվել արտերկրում բուժում իրականացնելու համար անհամաչափ մեծ գումարների տրամադրման կապակցությամբ, այն դեպքում, երբ բուժօգնության կարիք ունեցող բազմաթիվ անվճարունակ անձինք կան: Որպես Օրինակ նշվել էր ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի բուժումն արտերկրում իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության որոշումը՝ պահուստային ֆոնդից 20 մլն 500 հազար դրամ տրամադրել: «Անպարկեշտ է, որ 600 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդն ասում է՝ միթե ամոթ չէ, որ երկրում 45 հազար միջին աշխատավարձի պայմաններում բուժօգնություն է ցույց տրվում Հայրիկյանին: Այսինքն՝ բնական է, Հայրիկյանը պետք է մեռներ»,- բարկացած է Հայրիկյանը: