Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեկ Արարատյան դաշտավայրը ծխում էր (տեսանյութ)

Հասարակություն
cux-mux1

Գյուղացիներն այս օրերին շարունակում են պայքարել ցրտի դեմ: Արարատի մարզում բնակվող Նազարյանների ընտանիքը գրեթե ամբողջ գիշեր ծխահարում էր ծիրանենիները: Երեկ Արարատյան դաշտավայրը բառացիորեն ծխում էր: Համլետ Նազարյանը համոզված է ՝ ծիրանենիներին արդեն օգնելն անհնար է, սակայն հույս ունի, որ գոնե իրեն կհաջողվի փրկել մի քանի ծիրանենու դեռևս չվնասված ծաղիկները: Նախօրեի ձյունն արդեն իսկ փչացրել է ծիրանը՝ վստահեցնում է գյուղացին: Նա սեփական փորձով է համոզվել՝ վնասված պտղատու ծառատեսակի ճյուղը պահելով սենյակային ջերմաստիճանում. «Երեկ, երբ արդեն ձյուն էր եկել, մի ճյուղ ծիրան պոկեցի- դրեցի սենյակում, մոտ 2 ժամից ծիրանի ծաղիկների մեծ մասը ջուր դարձավ՝ ընկավ, մնաց մի երկու ծաղիկ», - պատմում է Նազարյանը: cux-mux   Նա անօգուտ է համարում ծխեցումը, բայց միաժամանակ հավելում է՝ խղճիս վրա կծանրա, որ չծխահարեմ, մենք մեր գործն անում ենք, տեսնենք՝ ինչ կլինի:   Գյուղացին ծխահարում է նաև սալորենիները, կեռասենիներն ու խաղողի որթատունկերը. «Ծառերը, որոնք բողբոջներ չունեն, կարող է չցրտահարվեն»,- նշեց այգեգործը:   «Ծխահարեցինք, բայց անօգուտ»,- ափսոսանք է հայտնում Արմավիրի մարզի Մյասնիկյանի համայնքապետ Անդրանիկ Պետրոսյանը: «Ծխեցնելու ժամանակ էլ ձնախառն անձրև եկավ, չստացվեց», - հավելում է Պետրոսյանը: Մյասնիկյան համայնքի ղեկավարի ներկայացմամբ՝ ձյունն ու ցածր ջերմաստիճանը շարքից հանել են գյուղի 124 հեկտար ծիրանենիներն ու 60 հա դեղձենիները: Նրա խոսքով՝ վնասի չափն ահռելի է, որը թվերի պատկերով պարզ կլինի, երբ փոխվարչապետն այցելի Արմավիրի մարզ: