Ասորիները նշում են իրենց Նոր տարին
Հայաստանի ասորական համայնքի մոտ 8 հազար ներկայացուցիչ այս առավոտն սկսել են մեկը մյուսին շնորհավորելով։ Ասորական համայնքը նշում է Նոր տարի՝ Հաբ-Նիսանի տոնը։
«Ա1+»-ի հետ զրույցում ասորական համայնքի ղեկավար Արսեն Միխայիլովը նշեց, որ իրենք տոնը նշում են ընտանեկան, ընկերական միջավայրում։
«Ընկերներով, կոլեկտիվով հավաքվում եւ գնում ենք մի տեղ նշելու։ Այս տարի ձյան պատճառով նախատեսված միջոցառումը հետաձգել ենք մինչեւ ապրիլի 12-ը։ Հուսանք, որ ամսի 12-ին ավելի տաք կլինի եւ նախատեսվածի պես կնշենք մեր տոնը»։
Ավանդույթի համաձայն, ասորիների թագավորը Նոր տարվա 12 օրն իր պարտականությունները հանձնում է հասարակ մարդուն։
«Ամեն օրն անցկացնում ենք աստծո անվան տակ. Յուրաքանչյուր օր ամեն մի աստծո եւ աստվածուհու անվան տակ նշում ենք մեր Նոր տարին։ Իսկ 12-րդ օրը թագավորը հետ է վերցնում իր պարտականությունները»,-ասաց Արսեն Միխայիլովը։
Ասորիների Նոր տարին՝ Հաբ-Նիսանի տոնը, խորհրդանշում է բնության զարթոնքն ու պտղաբերությունը։
