Նավրոզը քուրդ կանանց պայքարի արդյունքն է (տեսանյութ)
Եթե չլինեին քուրդ կանայք, այսօր Նավրոզը չէր նշվի։ Հայաստանի քրդական համայնքը այս տարի Նավրոզը նվիրում է աշխարհի քուրդ կանանց, ովքեր ոչ մի րոպե չեն դադարում իրենց պայքարը. «Արդեն շուրջ երեսուն տարի է՝ պայքարում են, Նավրոզը ժամանակին թույլ չէին տալիս։ Այսօր այդ թույլտվությունը մեր կանանց ուժի, բարեկամության արդյունքն է»,- ասաց Քուրդիստան Կոմիտեի նախագահ Ժենյա Ամիրյանը։ Ժամանակին Նավրոզը, որը նշանակում է՝ նոր օր, նոր տարի, քուրդ ժողովուրդը նշել է խարույկների շուրջ պտտվելով, այսօր այն նշվում էր Կանազի մշակույթի տանը՝ ազգային երգ ու պարի հնչյունների ներքո։ Քուրդ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի խորհրդանիշ դարձած տոնը կնշվի մինչեւ մարտ ամսվա վերջ։ Տոնը առիթ է եւս մեկ անգամ ուշադրություն հրավիրելու քուրդ ժողովրդի խնդիրներին։ Գյուղերում ապրող ժողովուրդը հիմնականում անասնապահությամբ եւ բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ է զբաղվում, իսկ քաղաքում ապրողների համար աշխատանքը այնքան բարձր մակարդակի չէ»,-նշեց Հայաստանի քրդական համայնքի խորհրդի նախագահ Կնյազ Հասանովը։ Թե ում բաժին կհասնի այսօր ուշ երեկոյան տոնի խորհուրդ հանդիսացող կլոր գաթայի կոպեկը, որը հաջողություն կբերի, բոլորը անհամբեր սպասում են։ Միաժամանակ Հայաստանի քուրդ համայնքը վստահեցնում է, որ այսօր աշխարհով մեկ սփռված քրդերը միայն մեկ ցանկություն ունեն. «Երազանքը մեր ազատությունն է, մեր առաջնորդ Օջալանի ազատությունը»։