Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՄԱԿ-ն անտարբերության է մատնում Քեսաբի հայությանը» (տեսանյութ)

Քաղաքականություն
qesab-akcia1

Այսօր մի քանի տասնյակ քաղաքացիներ ակցիա կազմակերպեցին Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց: Նրանք պնդում են, որ ՄԱԿ-ն անտարբերության է մատնում Քեսաբի հայությանը: Իրենց դժգոհություն նրանք հանձնեցին նամակի տեսքով: Ակցիայի մասնակիցների խոսքերով` Սիրիայում թուրքական զինված խմբավորումները ահաբեկչություն են իրականացնում քեսաբահայերի նկատմամբ. «Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին դատապարտել Թուրքիայի անօրինական գործողությունները»,- նշված է նամակում: «Նախնյաց հետքերով» հասարակական կազմակերպության անդամները, որոնք էլ կազմակերպել էին ակցիան, նաև պատրաստվում են դիմել հայկական պետական մարմիններին. «Որպեսզի Սիրիա ուղարկեն զինված ջոկատներ, որոնք լավագույն հոգեբանական աջակցությունը կլինի Սիրիայի հայ համայնքին: Եթե հնարավոր լինի, պետության աջակցությամբ այնտեղ կուղարկենք կամավորների, որոնք շատ են: Այդ կամավորները հսկողություն կիրականացնեն»,- ասաց հասարակական կազմակերպության անդամ Արման Մխիթարյանը: ՄԱԿ-ի անտարբերությունը մյուս ցուցարարները պայմանավորում են սիրիական քաղաքացիական պատերազմում ԱՄՆ-ի գործոնով. «Երբ որ հարցը վերաբերում է Սիրիային, որի դեպքում Ամերիկան է հիմնականում գործողություններ կատարում, ՄԱԿ-ը ոչ թե աջակցում է հանցավոր խմբավորումներին, այլ ուղղակի չի նկատում` այն, ինչ-որ կատարվում է այնտեղ»,- կարծիք հայտնեց նրանցից Խաչատուր Թովմասյանը: Ցուցարարների նամակն այսօր ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն` խոստանալով այն ուսումնասիրել: