Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատգամավորները Քեսաբի հարցով Սիրիա են մեկնել. ԲՀԿ-ն տեղյակ չի եղել

Քաղաքականություն
աժ

Քիչ առաջ, ելույթ ունենալով Ազգային ժողովում, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն իր ուրախությունը հայտնեց այն առիթով, որ երեկ ԱԺ-ն պատվիրակություն ձևավորեց` Քեսաբի հարցով Սիրիա մեկնելու համար: Միաժամանակ Վարդանյանն ասաց, որ ուրախ չէ, որ այդ պատվիրակությունը միակուսակցական է: Խմբակցության քարտուղարը նշեց, որ ԱԺ-ն, բարեբախտաբար, միակուսակցական չէ, և այդ պատվիրակությունը ևս պետք է բազմակուսակցական լիներ: «Մենք խնդիր չունենք, Դաշնակցությունը նաև Սիրիայում է»,- ասաց Աղվան Վարդանյանը` հավելելով, որ ՀՅԴ-ն Սիրիայում փորձում է անել հնարավորը տեղի հայերի պաշտպանության համար: «Բայց այս աշխատաոճը մեզ համար ընդունելի չէ»,- այնուամենայնիվ, հավելեց Վարդանյանը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն արձագանքեց, որ երեկ ձևավորված պատվիրակության մեջ են «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը և անկախ պատգամավոր Արմեն Մարուքյանը: «Այսինքն` միայն Հանրապետականից չեն»,- եզրակացրեց Հովիկ Աբրահամյանը: Սակայն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն էլ իր ելույթի ընթացքում նշեց, որ իրենք ևս տեղյակ չեն եղել Քեսաբ մեկնելուց: Բաբայանը «շատ կասկածելի» համարեց պատվիրակության կազմի ընտրությունը: «Եվ այդ գործելաոճը ընդունվում է որպես սխալ և անընդունելի»,- ասաց Վահան Բաբայանը: Անդրադառնալով քեսաբցիների տեղահանմանը` «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը նշեց, որ առաջնային խնդիր է համախմբել ՀՀ-ի և համահայկական այն կառույցների գործունեությունը, որոնք կարող են աշխատել միջազգային կառույցների, համաշխարհային զլմ-ների հետ: Շահգելդյանն անհրաժեշտ է համարում, որ միջազգային կառույցները Թուրքիային զգուշացնեն զերծ մնալ Սիրիայի դեմ նման քայլերից: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն իր ելույթում նշեց, որ կրկին մեղավորները թուրքական իշխանություններն են, որ այսօր հայկական համայնքը նորից բռնել է գաղթի ուղին: Նրա խոսքով՝ Թուրքիան նորից ապացուցում է, որ հայ ժողովրդի նկատմամբ իր ունեցած վերաբերմունքը չի փոխվել 100 տարվա ընթացքում: Թուրքիան այսօր էթնիկ զտումներ է իրականացնում գրեթե նույն մեթոդներով, ընդ որում՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ: Հերմինե Նաղդալյանն անհրաժեշտ համարեց, որ միջազգային հանրությունը չափազանց զգոն լինի Քեսաբի իրադարձությունների նկատմամբ և հետամուտ լինի, որ վերջ դրվեն այս հարձակումները Քեսաբի խաղաղ բնակչության վրա: Ի դեպ, Սիրիա մեկնած պատվիրակության կազմում են՝ ՀՀԿ-ական պատգամավորներ Սամվել ֆարմանյանը, Լևոն Մարտիրոսյանը, Արման Սահակյանն ու Նաիրա Կարապետյանը, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն ու անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։