Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մշակույթի խարխուլ տան դուռը բացվում է ընտրությունից ընտրություն

Հասարակություն
mshakuyt-3

Արարատի մարզի Զորակ համայնքի միակ ժամանցի կենտրոնի դուռը փակ է ավելի քան 20 տարի։ Բնակիչների ներկայացմամբ, մշակույթի տան դուռը բացվում է միայն ընտրությունից ընտրություն՝ որպես ընտրատեղամաս։ Իսկ տարվա մնացած օրերին զորակցիները հնարավորություն ունեն իրենց ժամանցն անցկացնել մշակույթի տուն հիշեցնող կառույցից դուրս։ Զորակի մշակույթի տունն անմխիթար վիճակում է: Շենքի հատակը, պատուհանները շարքից դուրս են եկել, իսկ պատերն էլ խոնավությունից փուլ են գալիս։ Գյուղի հատկապես տարեցները սրտի ցավով են նշում, որ մշակույթի տուն չունեն։ Փաստում են, որ այն գործելու դեպքում իրենց միօրինակ առօրյան հետաքրքիր կանցներ։ Գյուղի 76-ամյա բնակիչ Բաբկեն Թովմասյանը մտահոգվում է՝ Զորակը վաղուց դադարել է ապրել մշակութային կյանքով։ Բաբկեն պապը չի էլ հիշում, թե վերջին անգամ երբ է թատրոն կամ համերգ գնացել։ Այսօր նրա ցանկությունը գյուղում գործող մշակույթի տուն ունենալն է։ Նրա խոսքով՝ գյուղացիները իրենց համայնքում գործող մշակութային օջախ ունենալու նպատակով մի քանի անգամ դիմել են համայնքի ղեկավարին, բայց ապարդյուն. «Գնացել ենք մի քանի անգամ ասել, չի նայում ժողովրդին՝ կամ ասած, կամ չասած»,- ասաց Թովմասյանը։ Զորակ համայնքի ղեկավար, հանրապետական կուսակցության անդամ Մանուկ Մալոյանն ասում է, որ ինքը ևս մտահոգված է այդ խնդրով, սակայն համայնքի փոքր բյուջեն հնարավորություն չի տալիս նման մեծ ծախսեր կատարել։ Համայնքի ղեկավարի փոխանցմամբ՝ մի քանի անգամ դիմել է նույնիսկ մշակույթի նախարարություն, հուսադրող պատասխան այդպես էլ չի ստացել. «Մշակույթի նախարար Շառոյանից բռնացրած բոլորին դիմել եմ՝ Հովեյանին, Հասմիկ Պողոսյանին էլ եմ դիմել, ոչ մի արձագանք դեռ չկա»։ Մալոյանի տեղեկացմամբ՝ մշակույթի տան վիճակը պատրաստվում է ներկայացնել նաև Արարատի մարզի նորանշանակ մարզպետին։ Ըստ նրա՝ մի քանի օրից համապատասխան գրությունը մարզպետի սեղանին կլինի։