Առանձնացվել են տաքսիների նոր, անվճար կայանատեղեր
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ, վարչական շրջաններում տաքսիների նոր կայանատեղիներ կազմակերպելու նպատակով, ՃՈ հետ համատեղ քննարկվել են շահագրգիռ կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկներն ու մասնագիտական լրացուցիչ ուսումնասիրություններից հետո առանձնացվել են տաքսիների նոր, անվճար կայանատեղերի 35 տարածք: Քաղաքապետը հանձնարարել է արդեն իսկ առկա 40 տարածքի օրինակով, ՃՈ հետ համատեղ, սեղմ ժամկետում նշված 35 տարածքները ևս կահավորել համապատասխան ճանապարհային նշաններով: Պատասխանատուներին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է պարբերաբար ուսումնասիրել և հնարավոր նոր կայանատեղերի վերաբերյալ առաջարկներ ներկայացնել: Առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ «Ձեզ համար, կանայք» խորագրով առողջապահական ակցիայի շրջանակում քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններ է դիմել շուրջ 14 հազար կին: Հետազոտություններից հետո 1744 կին ուղեգրվել է վիրահատության, որոնցից 342-ն արդեն վիրահատվել են: Առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող հսկողության շնորհիվ մայրաքաղաքում նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 31 արձանագրություն, որից 28-ը՝ Կենտրոն վարչական շրջանում: «Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարում եմ խիստ նկատողություն հայտարարել Կենտրոնի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի պետին՝ աշխատանքները ոչ պատշաճ կազմակերպելու և իրականացնելու համար», - նշել է քաղաքապետն ու հանձնարարել պատասխանատուներին շարունակել գործընթացի նկատմամբ խիստ հսկողությունը, մասնավորապես, վարչական շրջանների կողմից իրականացվող աշխատանքների նկատմամբ: Երևանի գլխավոր ճարտարապետը զեկուցել է, որ, քաղաքապետի հանձնարարությամբ, մայրաքաղաքի փոքր կենտրոնի երթևեկը բեռնաթափելու նպատակով ուսումնասիրվել և քայլեր են ձեռնարկվում Տերյան փողոցի շարունակությունը հանդիսացող Անտոն Քոչինյանի փողոցի, ինչպես նաև դեպի Բուզանդի փողոց ձգվող Անրի Վեռնոյի փողոցի հատվածները երթևեկելի դարձնելու ուղղությամբ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի երթևեկի բեռնաթափման համատեքստում հանձնարարել է գույքագրել և ուսումնասիրել խորհրդային տարիներին նախաձեռնված անավարտ ճանապարհային հատվածներն ու քայլեր ձեռնարկել դրանց հնարավոր շահագործման ուղղությամբ: Քաղաքապետը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել ապրիլի 12-ին համաքաղաքային շաբաթօրյակ և ծառատունկ կազմակերպելու ուղղությամբ՝ այդ աշխատանքներում ակտիվորեն ներգրավելով ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ պետական և մասնավոր կառույցներին: Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև նախապատրաստական աշխատանքներ տանել ՀՀ սահմանամերձ գոտիներում երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների, մասնավորապես, սոցիալապես անապահով ընտանիքների՝ մայիսին զորամասեր այցելությունները կազմակերպելու ուղղությամբ: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն