Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կհրապարակվեն Մհեր Մկրտչյանի անտիպ լուսանկարները (տեսանյութ)

Հասարակություն
unnamed10

«Չ՛ տեսնված Մհերը»,- այսպես կանվանվի աշխարհահռչակ դերասան Մհեր Մկրտչյանի մասին տպագրվող նոր գիրքը։ Գրքում տեղ կգտնեն դեռեւս ոչ մի տեղ չհրապարակված լուսանկարներ՝ Մհեր Մկրտչյանի այրի Թամար Հովհաննիսյանի արխիվից։ Նկարների մեկնաբանությունները նույնպես կգրի այրին. «Մեկնաբանությունները գրելիս վերապրել եմ ամեն մի պահը ու փորձել շունչ տալ այդ լուսանկարներին»,- խոստովանում է Թամար Հովհաննիսյանը։ Գիրքը պատրաստ կլինի տարվա երկրորդ կեսին։ Այն կհրատարակվի 3 լեզվով՝ հայերեն ռուսերեն ու անգլերեն։ Մհեր Մկրտչյանի մասին լուսանկարներով գիրքը կլինի մի մեծ նախագծի միայն սկիզբը՝ վստահեցնում է կինոքննադատ ու նախագծի հեղինակ Զավեն Բոյաջյանը. «Հաջորդ տպագրվող գրքում ավելի շատ կլինի տեքստային հատվածը։ Այն ամբողջությամբ կազմված կլինի Թամար Հովհաննիսյանի հուշերից։ Նա այդ իմաստով մի ամբողջ հանրագիտարան է։ Չլսված, այս անհայտ պատմությունները, կհետաքրքրեն մարդկանց»,- վստահեցրեց նա։ Թամար Հովհաննիսյանն էլ լրագրողների խնդրանքով պատմեց այդ հուշերից մեկը. «Մի օր Մհերը հարցրեց` սիրում ե՞ս ինձ, ասացի՝ այո, շատ եմ սիրում: Ասաց՝ որ մեռնեմ՝ ավելի շատ կսիրես։ Կամ մի անգամ էլ, երբ մտնում էինք Փարիզի Աստվածամոր տաճարը, Մհերն ասաց՝ ես ինձ այստեղ տանն եմ զգում: Հարցրի՝ ինչո՞ւ… Ասաց՝ Քվազիմոդոն ստեղ չէ՞ր ապրում»։ Տարիներ շարունակ Թամար Հովհաննիսյանին մեղադրում էին, որ նա թողեց ամուսնուն-հեռացավ։ Գրքում կփորձի՞ նա արդյոք պատասխան տալ այդ մեղադրանքներին. «Մհերի մասին տպագրվելիք գրքերը ինքնըստինքյան տեղը կդնեն անպատասխանատու հայտարարություններ անողներին։ Մյուս կողմից էլ, ես այս գրքերով եւ ընդհանրապես որեւէ հարցում պատասխան տալու մտադրություն չունեմ: Եթե անգամ ոմանք ցանկանում են, միեւնույն է՝ ոչ ոք չի կարող Մհեր Մկրտչյանին հանել իմ կենսագրությունից: 12 տարին մի աստեղային շրջան է եղել, որ անդրադարձել է իմ համատեղ կյանքի ու նաեւ տարիների վրա։ Ժամանակին, երբ զայրանում էի ինչ-ինչ բամբասանքների վրա, Մհերն ինձ ասում էր՝ ախմախ հո չե՞ս, դա նաեւ քո մասնագիտության մեջ է մտնում»: