A
A
Օհանավանցիները կրկին փակել են մայրուղին
Արագածոտնի մարզի Օհանավանի եւ հարակից 4 գյուղերի մոտ 1500 բնակիչ կրկին Երեւան-Ապարան մայրուղու վրա պահանջում են հանդիպում վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։ Նրանք արդեն իսկ փակել են մայրուղին «Մենք մայրուղին չենք բացի այնքան ժամանակ, մինչեւ Տիգրան Սարգսյանը չգա ու չխոսի մեզ հետ։ Հենց նոր մեր մարզպետը եկավ»,- «Ա1+»-ին հայտնեց Օհանավանի բնակիչ Վարդան Պողոսյանը։ Նրա խոսքով, իրենց դեռ երեկ էին խոստացել հանդիպում փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հետ, սակայն հանդիպումը չի կայացել.«Մեզ նորից խաբեցին ու չեկան»։ Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի բնակիչները բողոքում են Ապարանի ջրամբարի մոտ կառուցվող ՀԷԿ-ի դեմ։ Նրանք պնդում են, որ ՀԷԿ-ի կառուցման դեպքում իրենց ոռոգման ջուրը կպակասի, եւ Կարեն Դեմիրճյանի հայտնի խնձորի այգիները կչորանան։