Տրանսվեստիտների դեմ՝ տեսախցիկներով
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մեկնարկել է Մանկական երկաթուղու տարածքը տեսախցիկներով կահավորելու գործընթացը: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ երկաթուղու տարածքի տարբեր հատվածներում տեղադրվող տեսախցիկները կգործեն շուրջօրյա և յուրաքանչյուր ոք, օրվա ցանկացած ժամի, կարող է առցանց, համաժամանակյա ռեժիմով հետևել այգու անցուդարձին: Զեկուցվել է նաև, որ միաժամանակ աշխատանքներ են տարվում ինչպես Մանկական երկաթուղու, այնպես էլ դեպի երկաթուղի տանող թունելի արտաքին լուսավորության ցանցի վերականգնման և տարածքը բարեկարգելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ քաղաքապետարանի դիմացի մանկական զբոսայգու տարածքում տեսախցիկներ տեղադրելուց հետո այնտեղ կանգնող տրանսվեստիտները տեղափոխվել էին մանկական երկաթուղու տարածք։ Այսպիսով՝ նրանց դեմ պայքարը կարծես թե ծավալվում է տեսախցիկների միջոցով։