Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց (տեսանյութ)
Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում Լեւոն Արոնյանը մեծ դժվարությամբ վաստակեց հերթական կես միավորը: Այսօր կայացած 5-րդ տուրում մեր շախմատիստը սեւերով մրցեց աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ: Ռուսաստանցի շախմատիստը բավական ակտիվ սկսեց եւ արդեն միջնախաղում տիրեց նախաձեռնությանը: Սակայն Լեւոն Արոնյանը մինչեւ վերջ անսխալ պաշտպանվեց եւ 60-րդ քայլին վերջնականապես հավասարեցրեց դրությունը: Մեր շախմատիստը վաստակեց 3-րդ միավորը եւ նույն Վլադիմիր Կրամնիկի ու Պյոտր Սվիդլերի հետ բաժանում է 2-4-րդ տեղերը: Աղյուսակը շարունակում է գլխավորել հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը, որը իր ակտիվում ունի 3,5 միավոր: Հաջորդ տուրը կկայանա մարտի 19-ին: Լեւոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի ետնապահ Դմիտրի Անդրեյկինի հետ: