Թարխունի ձեռքը կրակն են ընկել
Արմավիրի մարզի Արագած գյուղում այս տարի թարխունի գործը «առաջ չի գնում»։ Թարխուն գյուղացիները չափից շատ են աճեցրել ու ձեռքը կրակն ընկել։ Թարխունի շատ քանակությունը շուկայում լճացում է առաջացրել, և արագածցին ստիպված իր բերքը ջրի գնով է վաճառում։ Արագածցիների բերքի հիմնական գնորդները Վրաստանից են, ովքեր կապը 20- 25 դրամով անմիջապես մշակողներից թարխուն են գնում։ Ըստ թարխուն մշակող Արամ Հակոբյանի, սակայն, այս դեպքում գնորդը վաճառողին սպասեցնել է տալիս. «Էդ էլ մի մարդ ա մենակ գնողը, գյուղից վաճառողներ շատ կան, պետք ա հերթիդ սպասես, որ ամիսը մի անգամ գոնե կարողանաս մեծածախ վաճառես», - ավելացնում է նա: Արագած գյուղի բնակիչ Արամ Հակոբյանը դժգոհում է թարխունի գներից։ Նրա խոսքով՝ այս սեզոնին իր կատարած ներդրումները գերազանցել են ստացած եկամուտը. «Մեզ օգուտ չի մնում՝ շատ էժան ենք վաճառում, վերավաճառողն էլ իր ուզած գներն է սահմանում»։ Թարխուն մշակելը ծախսատար է՝ ասում է Արամ Հակոբյանը։ Այն միայն բարձր գնով վաճառելու դեպքում գյուղացին կարող է օգուտ ստանալ. «Կարկասների տակ ենք մշակում՝ շշերի, ցելոֆոնի փող ա, պարարտանյութ ա, դեղորայք ա, օրն էլ 6000 դրամ բանվորին ենք տալիս»,- իր կատարած ծախսերը թվարկում է թարխունի մշակությամբ զբաղվողը։ Արագած գյուղի ապրուստի հիմնական միջոցը թարխունի մշակությունն է. Գյուղացիները կեսկատակ- կեսլուրջ իրենց համայնքը «թարխունի գյուղ» են անվանում: