Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդգես Գասպարիից պահանջում են 1 մլն դրամ (տեսանյութ)

Քաղաքականություն
57e8663af1da1ef55e6db9dcc18f28c9

1 մլն դրամ՝ ոստիկանության ներկայացուցչի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։ Նոր Նորքի Ոստիկանության բաժնի ներկայացուցիչ Աիդա Դեմիրխանյանը վիրավորվել է Վարդգես Գասպարիի հայտարարություններից եւ դիմել դատարան։ «Ստոր, սրիկա, հանցագործ՝ այդ գնահատականներն եմ տվել եւ կոնկրետ ասել եմ, որ դուք՝ ոստիկանության մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում նաեւ Վլադիմիր Գասպարյանը, ավելի ստոր եւ անարժանապատիվ եք, քան Երեւանյան լճի ափին կանգնող մարմնավաճառները, որոնք իրենց մարմինն են վաճառում, իսկ ոստիկանները վաճառում են մարդկանց ճակատագրերը»,- ասում է Վարդգես Գասպարին։ Վարդգես Գասպարին հայտարարությունն արել է Վարչական դատարանում, որտեղ լսվում էր նրա նկատմամբ հարուցված գործը՝ Գասպարիին մեղադրանք էր առաջադրվել ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահից հետո «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց ակցիա անցկացնելու եւ ոստիկանների օրինական պահանջին չենթարկվելու համար։ «Ես անձնական հարաբերություն չեմ ունեցել հայցվորի հետ, եւ դա անձնական հարաբերությունների դաշտ տեղափոխելը ընդհանրապես վիրավորական է ինձ համար»,- հավելեց Վարդգես Գասպարին։ Հայցոր կողմի ցանկությամբ նախնական դատական նիստը չթույլատրվեց տեսանկարահանել։ Աիդա Դեմիրխանյանը հայտարարեց՝ դիմել է դատարան ոչ թե որպես ոստիկանության աշխատակից, այլ որպես կին, ֆիզիկական անձ, մայր, ուստի չի ցանկանում, որպեսզի դատարանում իրականացվի տեսաձայնագրություն: Դատաքննության օրվա եւ ժամի մասին կողմերին կտեղեկացվի լրացուցիչ։