Կուտակայինի դեմ բողոքում են նաեւ երիտասարդ գիտնականները (տեսանյութ)
Պարտադիր կուտակային համակարգը եւ աշխատավարձի 5-10 տոկոս պահումները փողոց է դուրս բերել նաեւ երիտասարդ գիտնականներին: Ինֆորմատիկայի ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Սերգեյ Աբրահամյանը ստանում է 125 հազար դրամ, իսկ պահումներից հետո ստանում է մոտավորապես 116 հազար դրամ: Երիտասարդ գիտնականներն այսօր ԳԱԱ-ի մոտ բողոքի ակցիա անցկացնելուց բացի, ստորագրահավաք անցկացրին եւ բողոք-դիմում փոխանցեցին ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին: Նրանք պահանջում են մինչեւ ՍԴ մարտի 28-ի նիստը չկիրառել օրենքը։ Նրանց ընդառաջ դուրս եկավ ԳԱԱ գործերի կառավարման աշխատակցուհի Սվետլանա Մնոյանն ու վստահեցրեց, որ Ռադիկ Մարտիրոսյանը շենքում չէ. «Ես կփոխանցեմ, տվեք»: Եւ ավելացրեց, որ տեղակալներն էլ տեղում չեն։ Երբ երիտասարդները դիմումը հանձնեցին ԳԱԱ ընդհանուր բաժին, քիչ անց պարզվեց, որ Ռադիկ Մարտիրոսյանը ոչ միայն տեղում է, այլեւ քաջատեղյակ է բողոքի ակցիայից. «էս ինչա` բանակով եկել եք էստեղ ներխուժել եք: Ո՞ւր են այդ երիտասարդ գիտնականները, ես նրանցից շատերին ճանաչում եմ, ես այստեղից նայում էի, իմ ծանոթ որեւէ երիտասարդ գիտնական չտեսա: Չգիտեմ` ովքեր են, արդեն դուք կարող եք պարզել»: Թե ինչու էր նա խուսափում լրագրողների ու երիտասարդ գիտաշխատողների հետ հանդիպումից, նա հետեւյալ պատճառաբանությունն ուներ. «Կարգ գոյություն ունի, որովհետեւ այս մոմենտին հազար ու մի շտապ հանձնարարական կա, որը պիտի կատարեմ»: Իսկ արդյոք ճնշումներ եղե՞լ նրա նկատմամբ` կիրառել պարտադիր կուտակային համակարգն ու պահումներ անել աշխատողներից. «Ոչ մեկը ոչ մի ճնշում չի գործադրել մեզ վրա, ինչպես որ ամբողջ հանրապետությունում, այնպես էլ մենք»: Պարոն Մարտիրոսյանը խոստացավ ընդառաջել, իսկ երիտասարդ գիտնականները դիմում-բողոքի պատճենը հանձնեցին նաեւ ՍԴ: