Մարզերում բրուցելյոզի փորձաքննություններ են
Հանրապետությունում բրուցելյոզի համաճարակ չկա: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց Սննդի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը: Նրա խոսքով` Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում հայտնաբերված բրուցելյոզով հիվանդ 38 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների թվաքանակը թույլ չի տալիս ասելու, որ հիվանդության համաճարակի բռնկում կա. «Պետք չէ՝ մարդիկ խուճապի մատնվեն` ոչ մի համաճարակ չկա», - նշում է մասնագետը: Հովհաննես Մկրտչյանը վստահեցնում է` հանրապետության մյուս մարզերում դեռ բրուցելյոզով վարակված խոշոր եղջերավորներ չկան. «Մյուս մարզերում հիվանդ կենդանիներ չկան, քանի որ պլանային ստուգումներն ընթացքի մեջ են` կենդանիների արյան նմուշները դեռ լաբորատոր փորձաքննության են ենթարկվում», - ասաց նա: Իսկ Ձորաղբյուրում հիվանդության դեպքն արձանագրվել էր, քանի որ Կոտայքի մարզում կենդանիների պլանային ստուգումներ մյուս մարզերի համեմատ ավելի շուտ էր իրականացվել. «Աշնանը հիվանդության նախադեպն արդեն կար մարզում, դրա համար այդտեղ ստուգումները շուտ սկսեցինք և արդյունքում բրուցելյոզ կրկին գրանցվեց», - տեղեկացրեց Մկրտչյանը: