«Փակ շուկա»-ում տարածքի գումար չեն վճարում. Ս. Ալեքսանյան (տեսանյութ)
Օրերս լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ «Փակ շուկա»-ի 2-րդ հարկում «Պրոսպեկտ Մոլի» բացումից հետո շուկայի սկզբնամասում առևտուր անող մարդկանց հեռացնելու են աշխատանքից: Շուկայում առևտուր անողների տարածքների մի մասը արդեն փակվել է, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ասում է, որ այդ մարդիկ են խնդրել տնօրինությանը, որպեսզի շուկայի մի կողմից իրենց տեղափոխեն մյուս կողմը, քանի որ առևտուրը լավ չի. «Գնացեք էդ հարցերը իրենց տվեք, տեսեք ինչ են ասում»: Լրագրողի դիտարկմանը, թե Սամվել Ալեքսանյանը խոստացել էր, որ սուպերմարկետում միրգ չեն վաճառի, բայց փաստորեն հիմա վաճառվում է, և այդ պատճառով մարդիկ առանց գործ են մնացել, պատգամավորը պատասխանեց, որ առևտուր անող մարդիկ մինչև վեցն են աշխատում. «Վեցից հետո սուպերմարկետը մի սուտկա աշխատում է: Ուրեմն միրգ չպե՞տք է վաճառվի»: Սամվել Ալեքսանյանը նաև տեղեկացնում է, որ առևտուր անողները տարածքների համար գումարներ չեն վճարում. «Իրանք ձրի կանգնած են, մինչև հիմա չեն վճարում: Հիմա գնացեք, հարցրեք մուծո՞ւմ են, թե՞ ոչ: Ոչ մի կոպեկ փող չեն մուծում»: