Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թոշակառուները պետք է բանկում վկայություն տան

Հասարակություն
493cbc4f7969bfd7611b501d8f242303

Վերջին օրերին մեր քաղաքացիները բողոքում են, որ բանկից զանգահարում են տուն եւ խնդրում տան մեծահասակներին, ովքեր անկանխիկ թոշակ են ստանում, ներկայանալ բանկ` դիմում գրելու: Անհանգստացած քաղաքացիներին բանկում բացատրում են, որ ծերերը տարին մեկ անգամ պետք է ներկայանան բանկ, որպեսզի անձամբ վկայեն իրենց ողջ լինելու մասին։ Քաղաքացիները նաեւ զարմացած են՝ մի՞թե 21-րդ ամենատես ու բազմականջ էլեկտրոնային դարում չի կարելի այլ կերպ ճշտել մարդու ողջ կամ մեռած լինելը։ Այս հարցի մասին մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք Սոցիալական ապահովության պետական ծառայություն։ Այստեղ հաստատեցին, որ անկանխիկ կենսաթոշակ ստացող ծերերին իսկապես խնդրել են ներկայանա բանկ, բայց ոչ թե իրենց ողջ լինելը հաստատելու, այլ անվտանգության նկատառումներով. «Երբ քաղաքացին փոստով թոշակ է ստանում, փոստատարը իրեն տեսնում է, իսկ երբ նա անկանխիկ է ստանում կենսաթոշակը, այդ մարդուն չենք տեսնում։ Որպեսզի հետագայում այդ մարդը չգա ասի՝ ես փող չեմ ստացել, քարտս կորելա, փողս չկա, բերեք- տվեք, խնդրում ենք, որ տարին մեկ անգամ գան բանկ ու փաստեն, որ իրենք են ստանում եւ ծախսում իրենց կենսաթոշակը»,- ասաց Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի մամուլի խոսնակ Արամայիս Շահբեկյանը։ Նա նշեց, որ ժամանակին օրենքում եղել է նման կետ՝ «հաստատել ողջ լինելու հանգամանքը» , բայց հիմա այն փոխվել է. «Հիմա հենց ՀՀ-ում մահվան վկայական է դուրս գալիս, այդ մարդու կենսաթոշակի գործը այստեղ ավտոմատ փակվում է։ Այնպես որ, դրա համար այլեւս չեն կարող կանչել»։ Արամայիս Շահբեկյանը նշեց նաեւ, որ Սոցիալական ապահովության պետական ծառայությունը հատուկ ուշադրություն է դարձնում նաեւ այն թոշակառուներին, որոնք ֆիզիկապես չեն կարող ներկայանալ եւ դիմում գրել. «Եղել են դեպքեր,երբ զանգահարել- ասել են, որ հաշմանդամ է թոշակառուն, չի կարա մոտենա բանկ, մենք ինքներս ենք գնացել իրենց տուն»։