Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ արտգործնախարարը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

Քաղաքականություն
A3548E19-7D06-46E2-B299-F92494144EB7_w640_r1_s_cx0_cy10_cw0

Ամերիկայի Ձայն Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 11-ին Մոսկվայում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:   Հանդիպմանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, շարունակվել են քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ:   «Համանախագահները Էդվարդ Նալբանդյանին ներկայացրեցին նախորդ օրը Փարիզում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հետ ունեցած հանդիպման բովանդակությունը և տպավորությունները», - ասված է Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանի և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների միջև Մոսկվայում կայացած հանդիպման մասին հաղորդագրության մեջ:   Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունն իր հերթին հաղորդել է, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովը մարտի 10-ին Փարիզում հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ, որի ընթացքում «մտահոգություններ է արտահայտել հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության շուրջ»:   «Նախարար Էլմար Մամադյարովը, ներկայացնելով ադրբեջանական կողմի դիրքորոշումը, շարունակել է պնդել, որ հայաստանյան կողմի կառուցողական դիրքորոշման բացակայությունը խոչընդոտում է հակամարտության կարգավորմանը, խաղաղ գործընթացի առաջխաղացմանն ու տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնմանը», - ասված է Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:   ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, «Թվիթեր»-ի իր էջում անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հետ անցկացված հանդիպմանը, գրել է, որ «հիմնարար խնդիրների և բանակցային կարգավորման շուրջ անցկացված բանակցություններն արդյունավետ են եղել»: