Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ղրիմը դառնում է Հանրապետություն

Քաղաքականություն
ղրիմ1

Ղրիմի Գերագույն խորհրդի պատգամավորների ընդունած անկախության հռչակագիրը թերակղզուն Հանրապետության կարգավիճակ է տալիս: «Ընդունելով այս հռչակագիրը՝ մենք մեզ հայտարարել ենք Հանրապետություն և արդեն որպես Հանրապետություն կմտնենք Ռուսաստանի կազմ»,- այս մասին, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ղրիմի Գերագույն խորհրդի ներկայացուցիչ Վլադիմիր Կոնստանտինովը: Նա բացատրել է, որ անկախության հռչակագրի ընդունմամբ փոխվում է նաև Ղրիմի Ինքնավար Հանրապետության անվանումը. «Այպիսով ինքնավար բառը վերանում և մնում է միայն Ղրիմի Հանրապետությունը»: Նրա խոսքերով անկախության հռչակագիրը «անհրաժեշտ գործընթաց է, և կնպաստի նրան, որ Ռուսաստանի կազմ մտնելը հայտարարվի լեգիտիմ»: Նա նաև հայտարարել է,  որ մարտի 16-ին անցկացվելիք Ղրիմի կարգավիճակի մասին հանրաքվեն կարժենա 16 միլիոն գրիվնի (1.7 միլիոն դոլար): «Այսօրվա նիստին մենք նաև հաստատել ենք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են հանրաքվեի անցկացման համար»,- ասել է նա: Ղրիմի Հանրապետության առաջին փոխվարչապետ Ռուստամ Թեմիրղալիևն էլ հայտարարել է, որ Ղրիմի իշխանությունները Ռուսաստանի կողմից մոտակա ամիսներին ակնկալում են 1 միլիարդ դոլարի օգնություն: «Ռուսաստանի օգնության դեպքում մենք կվճարենք բոլոր աշխատավարձերը, թոշակները և բոլոր սոցիալական վճարումները»,- ասել է նա: Իսկ մոտակա երեքից հինգ տարիների ընթացքում, առաջին փոխվարչապետի խոսքերով, Ղրիմի իշխանությունները ռուսական բիզնեսից ակնկալում են ստանալ 5 միլիարդ դոլար ներդրումների տեսքով: Նա ընդգծել է, որ ներդրումները կարող են լինել թերակղզու տնտեսության տարբեր ոլորտներում, որպեսզի ապահովեն նրա դիվերսիֆիկացիան և արագ տնտեսական աճը: