Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բժշկականում բացակաների համար գումար են գանձում (տեսանյութ)

Հասարակություն
Bjshkakan

Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում բացթողնված մեկ օրվա համար ուսանողները պետք է վճարեն 4-5 հազար դրամ։ «Եթե ուսանողը բացակայել է անհարգելի, այսինքն՝ դասախոսը լրացուցիչ աշխատանք է կատարում, դրա համար նա պետք է վճարվի»,-պարզաբանում է բուհի ուսումնական գծով պրոռեկտոր Սամվել Ավետիսյանը։ Պրոռեկտորը պնդում է, որ բժշկական համալսարանում բացակայությունների հարցը միշտ էլ խիստ է դրվել։ Նախկինում էլ են ուսանողները վճարել բացակաների դեպքում։ Ըստ պրոռեկտորի՝ ավելի շատ. «Մեր որոշումը ուսանողամետ որոշում է, եւ կարծում եմ, որ մեր այս որոշումը որեւէ լարվածություն չի կարող ծնել»։ Ուսանողներն այլ կարծիքի են. «Բուհում կա ընդհանուր դժգոհություն, ոչ մեկն էլ համաձայն չէ դրան, որովհետեւ հնարավոր է այդ բացակայությունները լինեն խիստ անհրաժեշտ։ Ինձ չի թվում, որ դիտմամբ որեւէ մեկը կարող է դասի չգալ»։ «Գոհ չենք, որովհետեւ նախ առաջինը վարձ ենք տալիս եւ պարտավոր չենք մի բացակայի համար ավել գումար տալ, դա անիմաստ ծախս է»։ «Մենք շատ բարձր վարձ ենք տալիս ու ավելորդ գումար չենք ուզում վճարել, հա, մեկ էլ՝ հարգելի բացակայությունների հարցն է շատ խիստ դրված՝ բժշկի թուղթը հաշվի չեն առնում»։ Սամվել Ավետիսյանը հերքում է, որ իրենց բուհում չի անցնում բժշկի թուղթը, եւ հիվանդության դեպքում բացակայելու համար նույնպես գումար է գանձվում։ «Ոնց կարող ենք հաշվի չառնել, եթե, օրինակ, ուսանողը ջրծաղիկով հիվանդ է եղել, եթե հղիության տոկսիկոզ կա, եթե ծննդաբերել է։ Այդ պարագայում ուսանողը լրացնում է բաց թողնվածը, բայց համալսարանի հաշվին։ Դա ձրի չի կատարվում, մենք դասախոսին լրացուցիչ աշխատանքի դիմաց վարձատրում ենք»։ Հայաստանի այլ բուհերում նման վճարովի կարգ չի գործում։ Երեւանի պետական համալսարանի եւ պետական մանկավարժական համալսարանի ուսանողները մեզ հետ զրույցում նշեցին, որ իրենց համալսարանում նման բան չկա։ ԵՊՃՇՀ-ի ուսումնական գծով պրոռեկտոր Սուրեն Աղբալյանն էլ «Ա1+»-ին ասաց, որ իրենց համալսարանում նման բան չկա։ «Այդպիսի բան գոյություն չունի, ինչու պետք է ուսանողը վճարի։ Եթե բժշկի թուղթ է բերում՝ բացակայությունը համարվում է հարգելի,եթե չի բերում՝ անհարգելի։ Մի քանի բացակայության դեպքում ուսանողը ստանում է նկատողություն»։   bjshkakan 1