Մամիկոն Խոջոյանը չի խոսում
Գերության մեջ մեկ ամիս անցկացրած 77-ամյա Մամիկոն Խոջոյանի վիճակը ծանր կայուն է։ Այս մասին «Ա1+»-ին ասաց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժիշկ Արթուր Տիգրանյանը։ Նրա խոսքերով՝ Մամիկոն Խոջոյանը շարունակում է բուժումներ ստանալ, սակայն ընդհանրապես չի խոսում։ Իսկ թե որքան ժամանակ նա կմնա Վերակենդանացման բաժնում, դեռ պարզ չէ։ Մարտի 4-ին գերեվարված Մամիկոն Խոջոյանին ադրբեջանական կողմը հետ էր ուղարկել։ Հենց սահմանից նրան տեղափոխել էին Իջեւանի բժշկական կենտրոն, իսկ երեկ արդեն Երեւան՝ հետագա բուժումն այստեղ ստանալու համար։ Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանը գերեվարվել էր հունվարի 28-ին, երբ պատահաբար հատել էր հայ-ադրբեջանական սահմանը: Խոջոյանը հոգեկան առողջության խնդիրներ ունի: Սակայն ադրբեջանցիները հայտարարել էին, թե ծերունին հետախուզական-դիվերսիոն խմբի անդամ է։