Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանքարդյունաբերությունից ավելացել են անոմալ երեւույթները

Հասարակություն
kov-1

Լոռու մարզի Օձուն համայնքում ծնված երկսեռ խոզուկն ու երեք ականջով հորթուկը մարզում առկա հանքավայրերի ազդեցության պատճառ է։ Վստահ է համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը։ «Մենք համոզված ենք, որ անոմալ ծնունդները, մահացու հիվանդությունների աճը կապված են օդի եւ շրջակա միջավայրի ախտոտվածության, հանքավայրերի եւ առավելեւս՝ պոչամբարների հետ»,-«Ա1+»-ի հետ զրույցում անդրադառնալով Օձունում անոմալ ծնունդների՝ ասաց պարոն Գալստյանը։ Բնապահպանը մեղադրում է առողջապահության նախարարությանը, որ վերջինս գիտահետազոտական փորձաքննություններ չի անում։ «Առողջապահության նախարարությունը պարտավոր է ամեն տարի ստուգումներ անել, որ չի արվում, երեւի ցանկություն չունեն։ Վերջին տարիներին անոմալ երեւույթներն ավելացել են»,- շեշտում է բնապահպանը։ Առողջապահության նախարարությունը մինչեւ 2012թ. ստուգումներ է իրականացրել լեռնահանքային արդյունաբերության կազմակերպություններում. «Մենք պարբերաբար ստուգումներ իրականացնում ենք, միայն 2013թ. ընթացքում չի կատարվել, քանի որ մենք Էկոնոմիկայի նախարարության հետ մեկտեղ ստուգատեսներ էինք ձեւավորում՝ ռիսկի գործոնի վրա հիմնված, որպեսզի հետագայում մեր ստուգումներն իրականացնենք ստուգաթերթերով»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց Առողջապահության նախարարության աշխատակից Արմենուհի Առուստամյանը։ Ըստ նախարարության աշխատակցի՝ իրենք ստուգումներ իրականացնում են, սակայն հիմնականում կազմակերպության աշխատակիցների աշխատանքային պայմաններն են ստուգում. «Իսկ հարակից շրջանների մասով մոնիթորինգ է արվում հողի, ջրի ծանր մետաղների նկատմամբ պարունակությամբ։ Ստուգումներ արվել են նաեւ հիվանդությունների մասով, սակայն ուղիղ պատճառահետեւանքային կապ հիվանդությունների եւ այդ կազմակերպությունների գործունեության հետ կապված, չի հայտնաբերվել»,-նշեց Արմենուհի Առուստամյանը։