Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրապետական գյուղապետը կընտրվի 7-րդ անգամ

Քաղաքականություն
xachpar

Նախընտրական Խաչփար համայնքում լռություն է։ Մարտի 9-ին Արարատի մարզի Խաչփար համայնքում նշանակված են համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ։ Սակայն գյուղում ընտրական թոհուբոհ չկա։ Համայնքի ղեկավարի պաշտոնի միակ թեկնածուն գործող գյուղապետ, Հանրապետական կուսակցության անդամ Շահեն Մարտիրոսյանն է։ Նա գյուղապետի պաշտոնում կվերընտրվի 7-րդ անգամ։ 1991 թվականից գյուղապետի պաշտոնը զբաղեցրած Մարտիրոսյանը գրեթե բոլոր ընտրություններում մրցակից չի ունեցել։ Այս անգամ էլ Հանրապետական կուսակցության անդամը մենակ է մնացել ընտրապայքարում։ Շահեն Մարտիրոսյանին չի զարմացնում, որ ինքը տարիներ շարունակ մրցակից թեկնածու չի ունեցել։ Նա դա կապում է գյուղի խնդիրներին սատար կանգնելու իր հատուկ ունակությամբ. «Ուրեմն լավ եմ աշխատել, որ իմ դեմ թեկնածություն չեն դնում, եթե լավ չաշխատեի, հաստատ ինչ- որ մեկը իմ դեմ թեկնածություն կդներ», - նշում է 53- ամյա գյուղապետը։ Ասում է՝ ընտրվելու դեպքում շարունակելու է լուծել Խաչփար գյուղի խնդիրները։ «Ա1+»-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ միակ թեկնածուն չընտրվի, Շահեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Եթե ժողովրդի 90 տոկոսը չեկավ ընտրության ու ես 90 տոկոսից քիչ ձայն հավաքեցի, նշանակում է՝ չեմ ընտրվել»։ Իսկ կընտրվի Խաչփար համայնքի գյուղապետի միակ թեկնածուն, թե՞ ոչ, պարզ կդառնա ընտրություններից հետո։ Գյուղի նախընտրական լռությունը չեն ուզում խախտել խաչփարցիները։ Գյուղացիներից շատերը նույնիսկ հրաժարվեցին մեր հարցերին պատասխանել՝ նշելով, որ նոր ընտրությունն էլ իրենց կյանքը չի բարելավելու։ Խաչփարցի Էդիկ Բաբաջանյանի խոսքով ՝ նոր գյուղապետ է պետք, ով միայն խոստումներ չի տա, այլ վերջնականապես կլուծի խմելու ջրի հարցը։