Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլայ Ծատուրյանը հրաժարվել է իր պաշտոնից

Կարևոր լուրեր Հասարակություն
9537c0d40f06a23af9df1dffc132992d

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանն իր պաշտոնը փոխանցել է երիտասարդ 33-ամյա գյումրեցի Լյուդվիգ Հարությունյանին։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց պարոն Ծատուրյանը։ «Լյուդվիգ Հարությունյանը երիտասարդ, խոստումնալից ռեժիսոր է, եւ այսուհետ կստանձնի գլխավոր ռեժիսորի պաշտոնը։ Ես պարզապես թատրոնի տնօրենի հետ նստեցի ու խորհրդակցեցի, որ ուզում եմ, որ մեր թատրոնի գլխավոր ռեժիսորը դառնա Լյուդվիգ Հարությունյանը։ Տնօրենը համաձայնեց։ Թատրոնը գեղարվեստական ղեկավար չի ունենա եւ պետք էլ չի, որ ունենա»,-ասաց պարոն Ծատուրյանը։ Իսկ Նիկոլայ Ծատուրյանը կմնա որպես թատրոնի գեղարվեստական խորհրդական. «Նաեւ Լյուդվիգ Հարությունյանի կողքին կլինեմ։ Ես նրան եմ փոխանցում լավ վիճակով թատրոն՝ լավ հանդիսատեսով։ Սա այն դեպքերից է, երբ ղեկավարն իր պաշտոնը տալիս է երիտասարդի»։ Պարոն Ծատուրյանը վստահեցրեց, որ իր այս որոշումը կապված չէ ամիսներ առաջ իր եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի միջեւ տեղի ունեցած տհաճ խոսակցության հետ։ «Երբ Հասմիկ Պողոսյանը եկել էր Գյումրի, ասաց, որ Նիկոլայ Ծատուրյանն այստեղ կաշխատի այնքան ժամանակ, որքան կցանկանա»,-եզրափակեց Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի արդեն նախկին գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը: