Ինչու Հայաստանում Մայդան չի լինի (տեսանյութ)
«Հայաստանում երբեք Մայդան չի կարող լինել,»,- նման եզրակացության է եկել սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ «Հայերը թամաշա անող ազգ են, սիրում են միշտ հանդիսատեսի դերում լինել։ Ուրիշ երկրներում կարող են անգամ հեղափոխության առաջնորդ դառնալ, բայց սեփական հայրենիքում մանուկի պես դժվարություններից ճնշվում են, դրա համար էլ արտագաղթում են»,- համոզված է նա: Մեր օրերում Ուկրաինայում տիրող իրավիճակը սոցիոլոգին հիշեցնում է 1992 թվականի Հայաստանը. «Երբ իշխանության էր եկել Ղարաբաղ կոմիտեն, հակառուսական տրամադրությամբ քանդեց երկիրը, այդպես էլ Ուկրաինայում այժմ ընդդիմությունը հակառուսական քաղաքականությամբ երկրի վիճակը կարգավորելու փոխարեն ավելի է խորացնում ճգնաժամը»: «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը չի կիսում սոցիոլոգի կարծիքը: Ըստ նրա՝ ուկրաինական ընդդիմությունը հաջողություն ունեցավ, որովհետև ուներ ընդգծված եվրոպամետ դիրքորոշում, Հայաստանում լրիվ հակառակն է. «Չեմ կարծում, թե հայերը հեղափոխական չեն, ուղղակի մենք չունենք բավականաչափ ռեսուրսներ: Ոչ իշխանական 4 քաղաքական ուժերից 3-ը կողմ են Մաքսային միությանը` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն: Նման պայմաններում մենք չունենք մեր պետության ապագայի հստակ տեսլական, որով կառաջնորդվենք», -եզրափակեց նա: