Ռեկտորը գիշերները հանգիստ չի քնում (տեսանյութ)
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանն ինչպես այսօր, այնպես էլ Արդարադատության փոխնախարար եղած ժամանակ գիշերները հանգիստ չի քնում։ «Պատասխանատվության առումով կարող եմ ասել, որ չնայած տարբեր է պատասխանատվության ծավալը, սակայն եթե նախկինում ցանկացած որոշման, ցանկացած վարքագծի համար պատասխանատուն Արդարադատության նախարարն էր, եւ դա իր հոգեբանական ազդեցությունն է ունենում դրական առումով, հիմա Արդարադատության ակադեմիայի աշխատակիցների համար անձնական պատասխանատվություն է, դրանք մի փոքր ավելի պատասխանատվություն են իմ ուսերին հաղորդել, բայց երկու աշխատանքները մեծ հաճույքով եմ կատարել»,- այսօր «Ա1+»-ի հարցին պատասխանելով նշեց նա։ Ռեկտորն այսօր ամփոփում էր իր պաշտոնավարման 100 օրը։ Արդարադատության ակադեմիան որպես ՊՈԱԿ գրանցվել է 2013 թ-ի դեկտեմբերին, իսկ ամբողջ ծավալով գործունեությունն սկսել է 2014 թ. հունվարից։ Ակադեմիան մշտական դասախոսներ չի ունենալու։ Դասախոսների հետ պայմանագրեր են կնքելու որոշակի ժամկետով եւ հրավիրելու են այն դասախոսներին, որոնք դատավորի, դատախազի պրակտիկ մեծ փորձ ունեն։ Վերջիններս մտածում են նաեւ 2015 թ. ակադեմիայում հեռավար ուսուցում իրականացնել՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։ Իսկ այս տարվա ուսուցումը կսկսվի մարտի 17-ից։