Երեւանում կմեկնարկի Եվրոպայի առաջնությունը
Այսօր ժամը 15-ին Երեւանի «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում կմեկնարկի շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: Մրցավարին մասնակցելու հայտ է ներկայացրել 258 շախմատիստ-շախմատիստուհի: Երեկ վիճակահանությամբ որոշվեցին 1-ին տուրի զույգերը: Հայաստանի կանանց հավաքականի առաջատարներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը մրցելու են համապատասխանաբար մրցաշարում 2-րդ եւ 3-րդ անհատական վարկանիշներ ունեցող ուկրաինացի Պավել Էլյանովի եւ ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյի հետ: Մեր առաջատար գրոսմայստեր Վլադիրմիր Հակոբյանը կհանդիպի Թուրքիայի ներկայացուցիչ Բաթուխան Դաստանի հետ: Գաբրիել Սարգսյանը կմրցի վրացահայ գրոսմայստեր Գեորգի Բագատուրովի հետ, Տիգրան Լ.Պետրոսյանը կխաղա ռուսաստանցի Ռուսլան Մուսալովի հետ: Հայաստանի չեմպիոն Տիգրան Քոթանջյանին մրցակից բաժին է հասել Հարություն Բարսեղյանը: Առաջնությանը մասնակցող մեր լեգենդար շախմատիստ Ռաֆայել Վահանյանն առաջին պարտիայում քննության կենթարկի մոլդովացի Լիվյու Չերբուլենկոյին: