Գյուղին խոստացված ջուրը տեղ չի հասնում (տեսանյութ)
20 տարի է՝ Արարատի մարզի Նիզամի գյուղը խմելու ջուր չունի։ Գյուղի 928 բնակիչները խմելու ջրի փոխարեն օգտագործում են արտեզյան ջուր։ Գյուղացիներն իրենց բակում հորեր են փորել, պոմպեր տեղադրել և ընդերքի ջուրն օգտագործում են որպես խմելու և ոռոգման ջուր: Բնակիչների խոսքով, սակայն, արտեզյան հոր ունենալը թանկ հաճույք է. «Ինձ վրա մոտ 300 000 դրամ է նստել էս հորը», - ասում է գյուղի բնակիչ Աղաջանյանը Գոհարիկը: Գյուղացիները նշում են, որ խորքային հորի ջուրը խմելու պիտանի չէ` այն չի անցել սանիտարական ստուգում. «Խմել չի լինում, ժամանակ ա լինում հետը ավազ ա գալիս, պղտոր ա լինում, բայց մենք խմում ենք, փող չունենք` ջուր առնենք խմենք», - հավելում է տիկին Գոհարիկը: Տիկին Լիդան էլ ասում է` իրենք խմելու ջուրը հարևան գյուղերից են բերում, երբեմն էլ՝ գնում: Ջրի խնդիրը, գյուղացիների ներկայացմամբ, բարձրացվել է ամենատարբեր մակարդակներում, ընտրությունների նախօրեին պաշտոնյաները՝ պատգամավորներ, մարզպետ, գյուղապետ խոստումներ են շռայլել գյուղին և մինչ օրս խոստացված ջուրը Նիզամի չի հասել. «Ընտրություններից առաջ խոստանում են, որ խմելու մաքուր ջուր եք ունենալու, ասում են` ջրի հաշվի փողը բալանսում նստած է, ժամանակը անցնում է՝ մոռանում են, ու այսպես ամեն ընտրության ժամանակ խոստումները փոխանցում են իրար», - նկատում է Սորսորյան Վլադիմիրը: Հողագործությամբ զբաղվողները հայտնում են, որ ոռոգման ջրի բացակայության պատճառով գյուղի հողերի մեծ մասն անմշակ են մնացել: Նիզամիցիներին մաքուր խմելու և ոռոգման ջուր ունենալու հերթական խոստումն օրեր առաջ են տվել` համայնքապետի ընտրությունից առաջ: Խոստմանը չեն հավատում, բայց պատկան մարմիններին հորդորում են փոքր-ինչ ուշադրություն դարձնել աղքատության մեջ թաղված Նիզամիին: