Դպրոցը զուրկ է տարրական պայմաններից
Արարատի մարզի Նիզամի գյուղի միջնակարգ դպրոցը զուրկ է տարրական պայմաններից։ Գյուղի դպրոցի շենքային պայմաններն անհուսալի վիճակում են։ Դպրոցի մասնաշենքի մի մասն է միայն գործում, իսկ մյուս մասը կիսախարխուլ վիճակում է, որտեղ անհնար է դաս անցկացնել։ Կառույցի պատուհաններն ու դռները ջարդված են, իսկ մաշված ու խարխուլ պատուհաններին ցելոֆաններ են փակցված։ Դպրոցի` 1970- ականների կառուցված ու երբևէ չվերանորոգված շենքի դռների ճեղքերից քամին հանգիստ ներսուդուրս է անում։ Դպրոցում չկա նաև սանհանգույց և ջուր։ Աշակերտների ծնողներին զայրացնում է հատկապես դպրոցի սանհանգույցի վիճակը։ Նրանք դժգոհում են՝ սանհանգույցը սարսափելի վիճակում է և դրսում, ցուրտ եղանակին երեխաները մրսելով են գնում օգտվելու. «Սանհանգույցի հատակի տախտակները փտած են ու ցանկացած ժամանակ կարող են կոտրվել, ու երեխաները կարող են ընկնել կեղտափոսերի մեջ», - պատմում է ծնողներից Սոնա Սիմոնյանը։ Նիզամիի բնակիչներից մեկն էլ ավելացնում է՝ մարդկային պայմաններից զուրկ է դպրոցը, ամոթ է ասել, որ դա դպրոց է։ Նիզամիի միջնակարգ դպրոցի տնօրեն Թամարա Խաչատրյանն ասում է՝ դպրոցի բյուջեով հնարավոր չէ վերանորոգման աշխատանքներ անել։ Խաչատրյանի խոսքով՝ դպրոցի վատ պայմանների մասին տեղեկացրել են Արարատի նորանշանակ մարզպետին։ Ֆինանսական հնարավորություններ լինելու դեպքում խոստացել են խնդիրը լուծել ըստ առաջնահերթության՝ դպրոցում եվրալուսամուտներ և դռներ տեղադրել։ Ծնողների կարծիքը, որ դպրոցի սանհանգույցը դրսում է, և մեղմ ասած, անհուսալի վիճակում է, տնօրենը չի կիսում. «Գյուղում նորմալ է, որ սանհանգույցը դրսում է, նույնիսկ տների սանհանգույցն է դրսում», - նկատում է Թամարա Խաչատրյանը։ Այնուամենայնիվ, դպրոցի տնօրենն ու ծնողները հուսով են, որ իրենց դպրոցի վերանորոգման հերթն էլ կհասնի, ու մի օր շինարարները կայցելեն Նիզամի։