Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՄ կոչը՝ պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի ղեկավարության դեմ

Քաղաքականություն
73071344_kiev_aptn

Ֆրանսիայի և Լեհաստանի առաջնորդները Եվրամիությանը կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի ղեկավարության դեմ, որոնց մեղադրում են բռնություն կիրառելու համար: Այս մասին հայտնում է BBC-ն: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի գրասենյակը տեղեկացրել է, որ նախագահը դատապարտել է բռնությունը՝ այն համարելով անընդունելի, և կոչ արել անհապաղ դադարեցնել այն: Հայտնվում է նաև, որ Ֆրանսուա Օլանդը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը համամիտ են այն հարցում, որ Ուկրաինայում բռնությունների պատասխանատուների նկատմամբ պետք է արագ և նպատակաուղղված պատժամիջոցներ կիրառել: Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը այսօր՝ ավելի վաղ, հայտարարել էր, որ ԵՄ-ն դիտարկելու է բռնության թեժացման մեջ մեղավորների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Նա հրավիրել է ԵՄ երկրների արտգործնախարարների արտակարգ հավաք, որը կանցկացվի փետրվարի 20-ին: Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Զոհերի և բռնության պատասխանատուն նախագահ Յանուկովիչն է: Նրա ձեռքերն արյունոտ են»: Ուկրաինայում սուգ է հայտարարվել՝ բախումների հետևանքով զոհվածների հիշատակը հարգելու համար: Վերջին տվյալներով՝ զոհվել է 25 մարդ: