Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սասունիկ գյուղում մանկապարտեզ կկառուցվի

Հասարակություն
12db85f5eecd317dc55f578feadc4ec3

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում մանկապարտեզ է կառուցում: Ծրագիրը համաֆինանսավորում է Սասունիկի գյուղապետարանը: Երկհարկանի մանկապարտեզն իր հարկի տակ կարող է ընդունել մինչեւ 90 երեխա: Ընթացքում են հիմքերի փորման աշխատանքները: Գյուղի նախկին մանկապարտեզը 1998թ.-ից չի գործում: «Քչերը կարող են իրենց թույլ տալ երեխային ամեն օր Աշտարակ տանել-բերել, դեռ մի բան էլ ավելի բարձր վարձավճարով»,- մտահոգություն է հայտնել համայնքի ղեկավար Արման Մարգարյանը: Համայնքի խնդիրների մասին խոսելիս գյուղապետը կարեւորեց նաեւ ոռոգման ջրի համակարգի անցկացումն ու գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: Որպես ձեռքբերում գյուղապետը նշեց, որ տարեսկզբից գյուղում արդեն 23 ամուսնություն է եղել: Սասունիկ համայնքի կազմում ընդգրկված է նաեւ Բաքվի փախստականներով վերաբնակեցված Կարին գյուղը: Համայնքի շուրջ 4000 բնակիչները հիմնականում զբաղված են խաղողագործությամբ եւ անասնապահությամբ: Ավելի քան 100 մարդ աշխատում է Սասունիկի /Armenia Wine/ գինու գործարանում: Հիշեցնենք, որ վերջին տարիներին Մեծ Բրիտանիայի մեր հայրենակիցների նվիրատվությունների շնորհիվ հիմնանորոգվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ծննդատան ծնարանն ու վիրահատարանը /2009թ./, Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքը /2011թ./, Շենգավիթի գիշերօթիկ մանկապարտեզը /2012թ./: Բրիտանահայ համայնքի շարունակական աջակցության շնորհիվ Հայաստանի շուրջ երկու տասնյակ սահմանամերձ դպրոցներ ստացել են դպրոցական գույք եւ պարագաներ: «Հայաստան» համահայկական հիմնադրամ