ՍԴՀԿ-ն կհամագործակցի ցանկացած ոչ օլիգարխիկ ուժի հետ
Հարցազրույց ՍԴՀԿ Հայաստանի վարչության անդամ Դմիտրի Մարտիրոսյանի հետ. ՍԴՀԿ-ն ինչպե՞ս է վերաբերվում պարտադիր կուտակային համակարգի հետ կապված հանրահավաքներին: Ի՞նչ եք կարծում, գումարային պահումներն արդյոք չե՞ն հակասում Սահմանադրական դատարանի որոշմանը : - ՍԴՀԿ-ն հավատարիմ է մնում իր սկզբունքին. ցանկացած բարեփոխում ժողովրդի օգտին: Մենք ողջունում և սատարում ենք յուրաքանչյուր խաղաղ հանրահավաք՝ ուղղված ՀՀ քաղաքացու իրավունքի պաշտպանությանը: Մեր կուսակցականները, անտարակույս, մասնակցում են այդ հանրահավաքներին: Ինչ վերաբերվում է «կուտակայինի» հարցին,կուզենայի նշել,որ ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողության կասեցումը նշանակում է,որ այժմ պարտադիր կուտակային վճար կատարելու պարտավորություն ունեցող անձինք (այդ թվում նաև հարկային գործակալները) ընդհուպ մինչև դատաքննության ավարտը պատասխանատվություն չեն կրում կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար: Ինչպես նաև պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները դեռևս պարտավորված չեն կատարել կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն: Հետևաբար՝ ցանկացած նման պատճառաբանությամբ արված գործողությունը անօրեն է և անհիմն:Կուզենայի նշել, որ ամբողջ աշխարհում և բոլոր իրավական երկրներում, սահմանադրական դատարանը համարվում է ամենաբարձր հեղինակություն վայելող կառույց:Ցավալի է և վտանգավոր,որ մեզ մոտ այդ սկզբունքը ոչ միայն չի կիրառվում,այլև անտեսվում է:Մենք վկա ենք,որ ներկայումս,սկսած գործադիր իշխանության ցանկացած ներկայացուցչից,վերջացրած Կենտրոնական բանկի պաշտոնյան՝ մեկնաբանում են ՍԴ –ի որոշումները ,որոնք մեկնաբանության ուղղակի ենթակա չեն:Սրանով իսկ առաջանում է խառնաշփոթ,քաոսային իրավիճակ երկրի կառավարման բուրգում՝նրանից բխող հետևանքներով: Երկու խոսք վտանգի մասին՝ հիմա օրենք է ընդունվել, որը թույլ է տալիս վարչական վարույթը միանգամից, առանց դատարանի որոշման, ուղարկել հարկադիր կատարման: Այսինքն՝ եթե վարչական ակտն ստանալուց հետո սահմանված ժամկետում այն չի բողոքարկվել, դարձել է անբողոքարկելի, առանց դատարանի ԴԱՀԿ է ուղարկվում: Դա նշանակում է, որ մարդիկ կարող են կորցնել իրենց սեփականությունը՝ առանց դատարանի որոշման, որը շատ լուրջ վտանգ է:Այնպես որ, հիմնական պայքարը նմանատիպ «օրենքների» դեմ դեռ առջևում է: ՍԴՀԿ-ն նախաձեռնել է Ձախ ուժերի միություն: Մինչ այդ ձեզ մեղադրում էին իշխանական պրոյեկտ լինելու մեջ: Կկարողանա՞ք հերքել այդ կարծիքները: Առաջարկված Ձախ ուժերի միության պլատֆորմի բաղկացուցիչներն են. պայքարը արտագաղթի ,մենաշնորհի ,օլիգարխիայի,սոցիալական անհավասարության դեմ: Մենք բաց ենք նման հարցերում ցանկացած համագործակցության համար,որը բխում է ՀՀ քաղաքացու շահերից: Հերքել, իհարկե ,կարող եմ:Գիտե՞ք,մեղադրելն ու հերքելը բավականին դյուրին են խոսքով, այն դեպքում,երբ մենք գործում ենք կոնկրետ հարցերում ,և ժողովուրդն է տալիս իր գնահատականը: Ավանդական կուսակցությունների հետ համագործակցությունը հնարավոր համարու՞մ եք: Խոսքը, բնականաբար, ՀՅԴ և Ռամկավարների մասին է: Մենք ունենք գաղափարական տարաձայնություններ մեկի հետ,մյուսի հետ համախոհներ ենք: Սակայն ժողովրդավարության տեսանկյունից տարաձայնություններ չունենք:Ցավալի եմ գտնում այն փաստը,որ խոսքերից այն կողմ համագործակցությունն առաջ չի գնում:Ճիշտ և գեղեցիկ խոսքերով ու խոստումներով «չես կշտանա»։ Նման մոտեցումը իմ կարծիքով ներկայումս աններելի է, մանավանդ՝ավանդական կուսակցությունների համար: Ինչպե՞ս եք վերաբերվում տարատեսակ քաղաքացիական շարժումներին և խորհրդարանական ոչ իշխանական ուժերի հետ համագործակցությանը: Մենք,հնչակյաններս,ելույթ ենք ունենում մատչելի կեցության ,ինչպես նաև հասանելի կրթության և առողջապահության, բարձր մակարդակի բնապահպանական անվտանգության օգտին:Մենք պատրաստ ենք ,մեր ուժերի և հնարավորության սահմաններում համագործակցել ցանկացած առողջ, ոչ օլիգարխիկ ուժի ,անհատի հետ ՝ պետության համար ռազմավարական բնույթ կրող էական հարցերում: