Ի՞նչ է առաջարկում Եվրոպան (ամբողջական փաստաթուղթ). 168.am
Այս շաբաթ հայտնի դարձավ, որ Եվրամիության անդամ 13 երկրները մշակել են Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված պետությունների հետ համագործակցության շարունակականությանն ուղղված գործողությունների ծրագիր, որը Հայաստանում արդեն իսկ ստացել է «Եվրոպական փաթեթ» անվանումը: Ինչպես հաղորդել էր «Ազատություն» ռ/կ-ն, այդ փաստաթուղթը բաղկացած է 20 կետերից: Իրականում փաստաթուղթը հենց այդպես էլ կոչվում է՝ «Արևելյան գործընկերության 20 կետերը` Վիլնյուսից հետո»: Բրյուսելյան մեր գործընկերները մեզ տրամադրեցին այս փաստաթղթի պաշտոնական, սակայն աշխատանքային տարբերակը, որը բավական հետաքրքրական է և, ըստ էության, ուրվագծում է Եվրոպայի քաղաքականությունը Եվրամիությունից արևելք ընկած երկրների առնչությամբ: Այն բավական ուշագրավ կետեր է պարունակում՝ քաղաքական, քաղաքացիական, տնտեսական, բացի այդ, հատկանշական է` անվտանգության և էներգետիկ ոլորտներում Արևելյան գործընկերության երկրներին Եվրամիության աջակցության առումով: «20 կետերը» հաստատվել են 2014 թ. փետրվարի 6-ին և քննարկվել փետրվարի 10-ին` Եվրոպական միության խորհրդի նիստում, սակայն պաշտոնապես չեն հրապարակվել: Հիշեցնենք, որ Հայաստանը նույնպես 2009 թվականից մասնակցում է ԵՄ-ի Արևելյան գործընկերություն ծրագրին, ծրագրի մյուս անդամներն են Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան, Ադրբեջանը և Բելառուսը: Անցյալ տարվա նոյեմբերի վերջին Լիտվայի մայրաքաղաքում գումարվեց Արևելյան գործընկերության երրորդ գագաթաժողովը, որտեղ Հայաստանը, Վրաստանը և Մոլդովան պետք է նախաստորագրեին, իսկ Ուկրաինան` ստորագրեր Եվրամիության հետ Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերը, սակայն, ինչպես հայտնի է, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հայտարարել էր Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման մասին, ինչից հետո Ասոցացման պայմանագրի նախաստորագրման գործընթացն, ըստ էության, կասեցվեց: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ