Բացել լրահոսը Փակել լրահոսը
52
A A
Հասարակություն

Կրակոցներ՝ Երևանում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, կրակոցներ են հնչել Երևանում, ինչի հետևանքով կա վիրավոր։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17:10-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Մինաս Ավետիսյան 2-րդ հասցեից հրազենային վնասվածքով Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ է տեղափոխել տղամարդու։

Շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել նրան, ապա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Կայքի տեղեկություններով՝ վիրավորը հրազենային վնասվածք է ստացել աջ ազդրի հատվածում։

Հիվանդանոց են մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի վարչության օպերատիվ խումբը։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ 

Այս պահին քրեական ու համայնքային ոստիկանները պարզում են դեպքի վայրը, որտեղ է նա հրազենային վնասվածք ստացել, նրա ամբողջական տվյալները և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կրակողին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Երբ պարզվի դեպքի վայրը, այդ ժամանակ տեղեկությունը կփոխանցվի ՀՀ Քննչական կոմիտեի հանցագործության վայրի վարչական տարածքի քննչական բաժին։