Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միլանո»-ի փոխտնօրենն ապաստան է ստացել ԱՄՆ-ում

Կարևոր լուրեր Հասարակություն
f7649015d64a289b0a2e706664e62b3a

Աբովյան 4 հասցեում նախկինում գտնվող «Միլանո» խանութի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանին ամեն օր նոր անակնկալ է սպասվում։ Սկզբում տարածքը ճանաչվեց իրացման գոտի եւ օտարվեց չնչին գումարով։ Հիմա էլ տարածքի ձեռքբերողը հայց է ներկայացրել նրա դեմ՝ նշելով, որ հարկային պարտավորություն ունի այդ գույքի նկատմամբ։ «Եթե դատարանը հաստատի, որ հարկային պարտավորություն ուներ գույքի վաճառքի հետ կապված, կստացվի, որ ամբողջովին այդ գումարը պետք է հետ տրվի պետությանը հարկերի տեսքով»,- «Ա1+»-ին ասաց «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանը։ Հիշեցնենք, որ Աբովյան 4 հասցեում գտնվող «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի մաս էր կազմում նաեւ «Միլանո» խանութը։ Թեեւ կառույցը եռահարկ էր եւ ուներ նաեւ նկուղ, սակայն փոխհատուցում է տրվել միայն առաջին հարկի համար՝ 207 միլիոն 282 հազար դրամ։ Հայցվոր կողմը պահանջում էր փոխհատուցում տրամադրել նաեւ մյուս երկու, ինչպես նաեւ նկուղային հարկերի համար, մանավանդ որ իրենք տարիներ շարունակ գույքահարկ էին մուծել, սակայն հայցը մերժվել է։ Փաստաբանը նաեւ ավելացրեց, որ «Միլանո»-ի սեփականատիրոջ աղջիկը՝ Նելլի Ղուկասյանը, ով նաեւ խանութի փոխտնօրենն էր, ԱՄՆ-ում ապաստան է ստացել։ «Դատարանները վերլուծել են գործի փաստերը եւ դատական ակտով հաստատել, որ ակնհայտ անարդար դատական ակտեր են կազմվել։ Հենց այդ հիմքով էլ նրան ապաստան է տրվել»,- եզրափակեց Տիգրան Հայրապետյանը։