Ա. Մանուկյանը ԱԺ-ում կհետեւի նաեւ հայերենի պահպանմանը (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, մոտենալով ամբիոնին, ցույց տվեց մի թղթապանակ՝ հայտարարելով. «Սա արեն 2-րդ թղթապանակն է պատրաստվում ջրի հետ կապված, հետո կլինի լեզվի, արտագաղթի վերաբերյալ»: Այսօր խորհրդարանը շարունակում էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2014թ. գործունեության ծրագրի քննարկումները: Պարոն Մանուկյանը հայտարարեց, որ ինքը միշտ կռիվ է տալու այն կառույցների ու երեւույթների դեմ, որոնք երկրի անկախության նկատմամբ ոտնձգություն են անելու, ու այդ դեպքում նա հաշվի չի առնելու ոչ անձ, ոչ էլ որեւէ կառույց. «Այդ առումով ես ընդդիմություն չեմ, ես իշխանություն եմ: Ես նաեւ խնդրում եմ, որ այս դահլիճում մարդկանց հայրանուններով չդիմեք` Ռոբերտ Նիկալայեւիչ, այլ պարոն Նազարյան, ինչպես նաեւ՝ խոսեք հայերեն՝ ոչ թե գույքերը, այլ գույքը, ոչ թե հրավերքներ, այլ հրավերք: Ես հետեւելու եմ հայերենի պահպանմանը. սա էլ է անկախության պահպանման արժեք, դեռ չենք մտել ՄՄ»: Երբ նա սկսեց խոսել ջրվեժների ու ՀԷԿ-երի խնդիրների մասին, օգտագործեց «կուկլա» բառը: Նրան միանգամից արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ասելով. «Դուք հիմա ինքներդ ձեզ հակասում եք՝ դուք եք առաջինը խախտում լեզվի մասին օրենքը»: «Ես դա ասում եմ չակերտների մեջ, այդպես ես կարող եմ անգլերեն էլ ասել»,- նկատեց Արամ Մանուկյանը: Պարոն Մանուկյանը նկատեց՝ երբ նոր խնդիր է առաջ գալիս, նախորդն ավելի փոքր է երեւում. «Հիմա գազն ավելի քիչ է երեւում աչքիս, քան «Որոտան»-ի ՀԷԿ-ը»: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հիշեց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի այն խոսքերը, թե «Որոտան»-ի ՀԷԿ-ը հին է ու դրա համար այն շահագործելն արդեն դժվարացել էր, եւ նաեւ դա է պատճառ դարձել այն վաճառելու ամերիկացիներին. «Այս տրամաբանությամբ եթե շարժվենք, ապա դեռ Մատենադարան կա, Էրեբունի կա»: Էդուարդ Շարմազանովը նրան կոչ արեց իր որակումների ու խոսքերի մեջ լինել կոռեկտ: