Վարչապետը խփում է ֆերմերների գործին (տեսանյութ)
Ֆերմերներն այսուհետ իրենց ջերմոցները կարող են ջեռուցել այլընտրանքային ձեւերով։ Հայ գիտնականները նոր կաթսա են ստեղծել, որը բացի գազից, վառում է ամեն ինչ։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց «Ջերմոցային ասոցիացիա» ՀԿ նախագահ Պողոս Գեւորգյանը։ «Աղբ էլ է վառում։ Աղբի մեքենան կարելի է կանգնեցնել եւ մեջը ինչ-որ կա՝ դնել ու վառել։ Կաթսաները թանկ չեն։ Հաջորդ շաբաթ կփորձարկենք, եթե նորմալ եղավ՝ կսկսենք օգտագործել։ Գազից շատ ավելի էժան կլինի»,-ասաց պարոն Գեւորգյանը։ Ջերմոցային ասոցիացիայի նախագահը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ Հայաստանում ջերմոցային տնտեսությունները կործանվում են։ «Երեկ գնացել էինք մի քանի ջերմոցներ, ահավոր վիճակ է։ Արցախյան հերոսամարտի զոհված ազատամարտիկի հոր ջերմատուն ենք այցելել։ Պատմում է, որ ջեռուցման սեզոնը սկսելուն պես գազի հաշվիչները երեք անգամ հանել-տարել են, ինչ-որ գործողություններ են արել եւ հետ բերել։ Ասում է, որ մենակ մեկ օրում 30 հազար դրամ ավելի շատ գազի գումար է մուծել, հաշվիչը շատ արագ է աշխատում»,-ասում է պարոն Գեւորգյանը։ Վերջինս նկատում է, որ հասարակ ֆերմերները թողնում են իրենց ջերմոցները եւ հեռանում երկրից, պատճառը ոչ միայն գազի բարձր սակագին է, այլեւ կառուցվող խոշոր ջերմատները՝ մեր ղեկավարների կողմից։ Ցանկանում են ոլորտում իրենք միակը լինել։ «Օրինակ վարչապետը Ջրվեժում սարքել է 5 հեկտարանոց ջերմատուն, եւ հիմա էլ Սովետաշենում են մեծ քանակությամբ ջերմատներ սարքում»,-ասաց Պողոս Գեւորգյանը։ Նրա տվյալներով՝ այսօր հանրապետությունում կա մինչեւ 1000 ջերմոցային տնտեսություն։