ՄՄ-ին միանալով՝ գնաճ կարձանագրենք. նախարար (տեսանյութ)
Այսօր կառավարության նիստում մինչ օրակարգին անցնելը, վարչապետ Տիգրան Սարգսյանը խնդրեց տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին՝ ներկայացնել Վանաձոր քաղաքում ինչ իրավիճակ է։ Արմեն Գեւորգյանը տեղեկացրեց, որ գազամատակարարումը վերականգնվում է, եւ երբ գազամատակարարում չի եղել, բնակչությունը հիմնականում էլեկտրաէներգիա է սպառել, ինչը եւս խնդիրներ է առաջացրել։ Որոշ տեղերում նույնիսկ ներքին ջրամատակարարման խողովակներն են սառել։ Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ Վանաձորի ծննդատանը եւս ջեռուցման հետ կապված խնդիրներ կան։ Վարչապետը հորդորեց խնդիրը պահել անձնական հսկողության տակ եւ ավելացրեց. «Եթե խնդիրներ լինեն, զեկուցեք ինձ»։ Վարչապետն անդրադարձավ նաեւ լրատվամիջոցների տարածած այն լուրերին, թե Մաքսային միությանն անդամակցելուց հետո գնաճ է սպասվում, եւ խնդրեց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին՝ պարզաբանումներ տալ։ Նախարարը տեղեկացրեց, որ առավելագույն գնաճը կլինի 1,5 տոկոս՝ որոշ ապրանքատեսակների վրա, սակայն պատրաստվում են բացառությունների ցանկ ներկայացնել։ Ավելի մանրամասն այդ մասին նախարարը խոստացավ տեղեկացնել կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։