Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մնացել ենք անտեր, անօգնական»

Հասարակություն
Սյունիք-գյուղ

Արարատի մարզի Գետափնյա գյուղում ոչ մի կրթական հաստատություն չկա։ 1450 բնակիչ ունեցող գյուղը չունի դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, անգամ՝ բուժամբուլատորիա: Գյուղացիները դժգոհում են՝ գյուղի ստեղծման օրվանից այստեղ ոչ մի պետական ենթակառուցվածք չի գործել: Գյուղի 270 երեխաները դպրոց հաճախելու համար պետք է մի քանի կիլոմետր կտրեն-անցնեն հարեւան Աերացիայի թաղամաս կամ Ղուկասավան, Գեղանիստ գյուղական համայնքներ հասնելու համար: Գետափնյայի նախադպրոցական տարիքի երեխաները նույնպես ստիպված են հարևան համայնքներում մանկապարտեզ հաճախել: Ծնողները նեղսրտում են` հարևան համայնքներ երեխաներին դպրոց կամ մանկապարտեզ տանելը նաև ծախսատար է. «Երեխաներիս մի կերպ եմ տանում-հասցնում Գեղանիստի դպրոց, հեռու է, ստիպված են լինում նաև տրանսպորտի համար վճարել», - նշում է Գետափնյայի բնակչուհին: Բնակիչների խոսքով` նույնիսկ հարևան գյուղի բուժամբուլատորիայից են օգտվում. «Համայնքապետարանում մի փոքրիկ քառակուսի տրամադրել են բուժկետին, մի բուժքույր ունենք, որը մենակ հիվանդներին է հաշվառում, բայց բուժծառայությունից օգտվել կարող ենք միայն Գեղանիստի ամբուլատորիայում», - նշում է Ռիմա Վարդանյանը: Գետափցիները խոստովանում են` իրենց մասին ոչ ոք չի մտածում. «Մնացել ենք անտեր, անօգնական», - ասաց գետափցի Ռիման: Գետափնյա համայնքի ղեկավար Մկրտիչ Ազատյանի խոսքով` գյուղի սեփական բյուջեն շատ չնչին է նման խնդիրը լուծելու համար: Նրա տեղեկացմամբ` խնդրի մասին ահազանգել են գրեթե բոլոր պետական կառույցներում, սակայն բարձրացրած հարցն այդպես էլ լուծում չի ստացել. «Նախորդ մարզպետը խոստացել էր դպրոց կառուցելու հարցում մեզ օգնել, սակայն աշխատանքից դուրս եկավ», - նշում է համայնքի ղեկավարը: Այժմ գետափնյայի բնակիչների համար ամենաբաղձալի երազանքը դպրոց ունենալն է, որպեսզի ծնողներն իրենց երեխաներին դպրոցից դպրոց չտեղափոխեն: