18 հազար դրամից էլ զրկեցին (տեսանյութ)
18 հազար դրամ գործազրկության նպաստը այս տարվա հունվարից մեր քաղաքացիները այդպես էլ չստացան: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը պնդում է՝ Նպաստների վերացումից հանրությունը չի տուժում: Վստահեցնում է` գործազրկության հարցը կլուծի «Զբաղվածության մասին» նոր օրենքը. «Սա նշանակում է`զբաղվածության ակտիվ ծրագիր, որը կունենա աղքատամետ ուղղվածություն, աղքատ ընտանիքներին, գործազուրկներին կամ չզբաղվածներին դարձնել աշխատանքի շուկայում ավելի առավել մրցունակ»: ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպության վերջին զեկույցի համաձայն՝ հետխորհրդային տարածքում գործազրկության մակարդակով Հայաստանը շարունակում է մնալ առաջատարը: Նույն զեկույցը վստահեցնում է՝ մինչեւ 2018թ-ը Հայաստանում յուրաքանչյուր 5-րդ քաղաքացին կլինի գործազուրկ։ Որպես կանոն ամեն տարի գործազրկության ամենաբարձր մակարդակը գրանցվում է մարզերում: «ԱՄ Փարթըրզ» ընկերության սոցհարցումները վկայում են՝ գործազուրկ ընտանիքների անդամները ստիպված մեկնում են արտագնա աշխատանքի։ Նույնիսկ կառավարության սահմանած 18 հազար դրամը, որն այլեւս գոյություն չունի, բավական չէր նրանց գոյատեւման համար. «Երբ որ մենք իրենց հարցնում էինք, թե ինչպիսի վարձատրության պայմաններում ձեր տան անդամը կմնա Հայաստանում, մեծամասնությունը նշում էր, որ բարձր աշխատավարձի շեմը մինչև 200 հազար դրամն է, 19 տոկոսի դեպքում 100 հազար դրամը»,- ասում է ընկերության ծրագրերի ղեկավար Վարդան Աղբալյանը: «Մեր քաղաքացիներին 18 հազար դրամի նպաստից զրկելով՝ կառավարությունը նպաստում է արտագաղթին»,- դժգոհում են հենց իրենք` քաղաքացիները: