«Հրաժարվում եմ ձեր տված ողորմելի կենսաթոշակից» (տեսանյութ)
Սահմանադրական դատարանը չի կարող օրինակ ծառայել այլ գործատուների համար` կուտակայինի հարցում։ Այս կարծիքն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը՝ անդրադառնալով փաստին, որ ՍԴ-ն արդեն իսկ պահումներ է արել իր աշխատակիցներից հունվար ամսվա կուտակայինի համար: «Սահմանադրական դատարանը և Սահմանադրական դատարանի հաշվապահությունը լրիվ տարբեր բաներ են, և իր աշխատակիցների աշխատավարձերի պահումը որևէ առնչություն չունի դատարանի որոշման հետ»,- ասաց պրն Սաֆարյանը: Նրան ավելի շատ մտահոգում է կենսաթոշակային համակարգից գոյացած գումարների արդյունավետ օգտագործումը: Սաֆարյանը վստահեցնում է, որ այդ գումարները շատ ավելի օգտակար կլինեին մեր երկրում ներդրումներ կատարելու համար, քանի որ մենք այսօր երկարաժամկետ վարկեր ստանալու խնդիրներ ունենք: Իսկ Վարդան Բոստանջյանը կենսաթոշակային համակարգում կատարված փոփոխությունները չի համարում բարեփոխում: Նա հեգնանքով դիմում է կառավարությանը. «Իմ մասի՞ն եք մտածում, ես կարող եմ ստորագրել, որ հրաժարվում եմ ձեր տված ողորմելի կենսաթոշակից և չեմ պատրաստվում ապրել մինչև 65 տարեկան, արեք՝ այդ նեղությունը մի կրեք, միևնույն է, ես ձեզ չեմ հավատում» - ասաց Բոստանջյանը: