Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՑՈՒՅՑ ԿՏԱ ԱՂԲԱՆՈՑԻ ՏԵՂԸ

Քաղաքականություն

Աժ անկախ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը խորհրդարանում պատրաստվում է սկսել նոր ստորագրահավաք՝ Ռոբերտ Քոչարյանին իմպիչմենտ հայտարարելու համար: Հայտնի չէ, թե ինչ հիմնավորումով, բայց նա հուսով է, որ այդ ստորագրահավաքին կմիանա նաեւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Հմայակ Հովհաննիսյանի համբերության բաժակը լցվել է այն պատճառով, որ խորհրդարանական մեծամասնությունն արդեն երկորդ անգամ տապալեց պատգամավորի նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը՝ ավանդների` քաղաքացիներին վերադարձի հարցը քննարկելու համար: 2 մլն. 200 հազար ավանդատուների հանդեպ դրսեւորած նմանատիպ վերաբերմունքի պատճառով Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց կոալիցիայի վախճանի մասին, ուստի խորհրդարանի ճեմասրահում նա ծաղկեպսակ դրեց «ի հիշատակ կոալիցիայի»:

Այդ փաստը հարց է առաջացրել ԱԺ աշխատակազմի ղեկավարի մոտ, թե ինչպե՞ս է Հմայակ Հովհաննիսյանին հաջողվել ծաղկեպսակով ներս մտնել ԱԺ շենք: Իր հերթին զարմանալով այդ զարմանքից` Հմայակ Հովհաննիսյանն արձագանքեց. «Ինչի՞ Նաիրի Հունանյանը զենքով կարող էր մտնել ԱԺ, ես ծաղիկներով՝ ո՞չ: Այդ սերժանտը, որ ինձ թույլատրեց անցնել, նույնիսկ «չեստ» տալով ներս թողեց: Հեղափոխությունից հետո ես նրան գտնելու եմ: Այդ սերժանտը դառնալու է գեներալ»:

Ի դեպ, երեկ, երբ Հմայակ Հովհաննիսյանը ծաղկեպսակ էր դրել ԱԺ-ում, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ու պատգամավոր Վլադիմիր Բադալյանը արագորեն ծաղկեպսակի վերեւում փակցրել են Հմայակ Հովհաննիսյանի նկարը: Պարոն Սահակյանն իր արարքը բացատրում է հայկական «ադաթներով». «Ծաղկեպսակը պահանջում է նկար»: Փիլիսոփայորեն մոտենալով այդ փաստին` Հմայակ Հովհաննիսյանն արձագանքում է. «Դա հուսահատության, հուսալքության ճիչ է: Իրենց տեղը պատմական աղբանոցում է: Եւ ժողովուրդն այդ տեղը իրենց ցույց կտա»:

Հմայակ Հովհաննիսյանը նաեւ սպառնաց իշխանություններին, որ ինքը 2 մլն. 200 հազար ավանդատուների հետ կմտնի ԱԺ եւ այդ ժամանակ իշխանական վերնախավը կնախանձի նույնիսկ Ասկար Ակաեւին: